Հայաստանի խոշոր բիզնեսի մասին պաշտոնական թվերը երբեմն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է բազմամիլիոնանոց ակտիվներ տնօրինող, հյուրանոցային համալիրներ, սուպերմարկետների ցանցեր, հանքային ակտիվներ և այլ խոշոր բիզնեսներ վերահսկող գործարարներին։ Ավելի քան հետաքրքիր պատկեր է բացահայտվում գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի պարագայում։
Տարբեր ոլորտներում միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող այս ընկերությունը, որը պետությունից 5 միլիարդ դրամով ձեռք է բերել Ծաղկաձորի հանրահայտ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը (այժմ՝ «Eighty Eight Hotel & Spa»), ապահովելով ավելի քան 743 միլիոն դրամի ընդհանուր հարկեր, պաշտոնական հաշվետվության մեջ շահութահարկի դիմաց արձանագրել է (1 951) հազար դրամ ցուցանիշը։ Ի դեպ, ֆինանսական փաստաթղթերում փակագծերի առկայությունը փաստում է հսկայական ակտիվներ տնօրինող ընկերության վնասով աշխատելու մասին:
Աշխարհում, թերևս, ամեն ինչ հնարավոր է, բայց օրինակ դժվար է հավատալ, որ Նարեկ Նալբանդյանի վերահսկողության տակ գտնվող համակարգը՝ հյուրանոցներ, սուպերմարկետների ցանցեր, հանքային ակտիվներ և այլ խոշոր բիզնեսներ ունենալով, աշխատում է վնասով։
Ստացվում է մի հետաքրքիր իրականություն․ մեծ բիզնեսները Հայաստանում կամ գրեթե շահույթ չեն ունենում, կամ նույնիսկ «վնասով» են աշխատում, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների շրջապատում միլիոնների հոսքերն անընդհատ աճում են։ Հարկ է նշել, որ դեռևս 2019 թվականին «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն անցել էր պետության հաշվեկշռին:
Մի քանի անհաջող աճուրդներից հետո, 2022 թվականի փետրվարին Կառավարությունը (ՏԿԵ նախարարության միջոցով) բավարարեց միակ հայտատուի՝ «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի հայտը։
Հիշեցնենք՝ «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու հիմնադիրը գործարար Նարեկ Նալբանդյանն է, ում անունը մամուլում հաճախ է շրջանառվում հետհեղափոխական շրջանում խոշոր պետական կամ խնդրահարույց գույքերի ձեռքբերման համատեքստում:
Ըստ տարբեր մամուլի հրապարակումների՝ Նարեկ Նալբանդյանի բիզնես համակարգը կապվում է «ՄԱՆ հոլդինգ» խմբի, նրա եղբայրների և ընտանիքի այլ անդամների հետ։
Նշվում է, որ ընտանիքը գործունեություն է ծավալել ալյուրի արտադրության, սննդարդյունաբերության, բեռնափոխադրումների, օղու արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում։ Մամուլում հաճախ են շրջանառվել նաև իշխանությունների հետ հնարավոր կապերի մասին պնդումներ։
Մի շարք հրապարակումներ Նալբանդյանին անվանել են «իշխանամերձ գործարար» կամ կապել գործող իշխանության հետ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա արտոնյալ պայմաններով ձեռք բերեց մի շարք աղմկահարույց և նախկին պաշտոնյաների հետ կապված ակտիվներ՝ Ծաղկաձորի Golden Palace Hotel Resort Spa հյուրանոցը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, Սևանի նախկին «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, «Օազիս» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը։ Սա դեռ նրա ակտիվների մի մասն է․․․․ Գործարարը հարցազրույցներում մշտապես հերքում է, որ ինքը քաղաքական հովանավորչություն ունի:
Հետաքրքիր է նաև, որ 2026 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանն է վճարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 25 միլիոն դրամ գրավը: Նրա փաստաբանը դա պարզաբանել է Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ ունեցած երկար տարիների ուսանողական-ընկերական կապերով:
Այսպիսով, ստացվում է մի պատկեր, որտեղ խոշորագույն խանութների ցանցերն ու հյուրանոցային հսկաները և միլիոնավոր դոլարների ներմուծումներ ու ներդրումներ անող ընկերությունները պետությանը վճարում են նվազագույն շահութահարկ կամ գրանցում վնասներ, մինչդեռ ՔՊ-ական պաշտոնյաների անձնական եկամուտները նույն ժամանակահատվածում չափվում են տասնյակ միլիոններով:
