Երևանն անհետացել է ՊՆ քարտեզից․ անփութությո՞ւն, թե՞ վրիպակ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տարածաշրջանային քարտեզը նոր հարցեր է առաջացնում։ Քարտեզում նշված են հարևան և տարածաշրջանային պետությունների մայրաքաղաքները՝ Թբիլիսի, Բաքու, Թեհրան և այլ քաղաքներ, սակայն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը նշված չէ, «Երևան» անվանումը չկա այս քարտեզում։

Թվում է՝ սա տեխնիկական վրիպակ է։ Բայց երբ խոսքը վերաբերում է երկրի պաշտպանության գլխավոր գերատեսչությանը, նույնիսկ նման վրիպակը ստանում է քաղաքական նշանակություն։

Պաշտպանական կառույցների յուրաքանչյուր հրապարակային նյութ պետական հաղորդագրություն է։ Քարտեզը ոչ միայն աշխարհագրական պատկեր է, այև քաղաքական ուղերձ։ Եվ երբ այդ քարտեզից բացակայում է հենց Հայաստանի մայրաքաղաքը, բնականաբար՝ առաջանում են հարցեր․ ինչպե՞ս է նման նյութը հաստատվել, ո՞վ է պատասխանատուն, և ինչո՞ւ այդ սխալը մինչև հիմա չի ուղղվել։

Հանրային որոշ շրջանակներ այս հանգամանքը դիտարկում են քաղաքական ենթատեքստում՝ կապելով այն տարածաշրջանային զարգացումների և Ադրբեջանի պահանջների շուրջ մշտական քննարկումների հետ։ Թեև նման պնդումները դեռևս ապացույցներ չունեն, փաստն ինքնին հանրային մտահոգություն է առաջացրել։

Հարկ է նշել, որ պետական կառույցների տեղեկատվական անվտանգությունը միայն գաղտնի փաստաթղթերով չի սահմանափակվում։ Այն ներառում է նաև խորհրդանիշների, քարտեզների և պետական ինքնության ճիշտ ներկայացումը։ Իսկ այս քարտեզից Երևանի բացակայությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները ուշադիր չեն կարևոր մանրամասների նկատմամբ։ Հանրային վստահությունը հաճախ քանդվում է հենց այդպիսի «փոքր» սխալներից։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է ՀՀ մայրաքաղաք Երևանի անվանումը բացակայում նախարարության պաշտոնական կայքում հրապարակված քարտեզից, ինչպես նաև՝ արդյոք նախատեսվո՞ւմ է շտկել այդ անճշտությունը և քարտեզի վրա վերականգնել Երևանի նշումը։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *