Կանադայի բնակիչն ինքնասպանության համար նախատեսված թունավոր նյութերով հարյուրավոր ծանրոցներ է ուղարկել աշխարհով մեկ

Կանադայի բնակիչը խոստովանել է իր մեղքն ինքնասպանությանն աջակցելու 14 դրվագներով, երբ համացանցով թունավոր քիմիական նյութեր է վաճառել, հայտնում է BBC News-ը:

60-ամյա Քեննեթ Լոուն ուրբաթ Օնտարիո նահանգի դատարանում իրեն մեղավոր է նաև ճանաչել կանադացի զոհերի շրջանում ինքնասպանություններին օժանդակելու 14 դրվագներով: Դա տեղի է ունեցել դատախազության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում, որի արդյունքում սպանության ավելի ծանր մեղադրանքները հանվել են:

Իշխանությունները հայտարարում են, որ նախկին շեֆ-խոհարարը նաև թունավոր նյութերով մոտ 1200 ծանրոց է ուղարկել աշխարհի 41 երկրների ստացողների, դրանց թվում՝ ավելի քան 100 առաքում Մեծ Բրիտանիա: Հաճախորդների հետ կապերը, ըստ քննության տվյալների, հաստատվել են ինքնասպանությունների թեմայով առցանց ֆորումների միջոցով:

Այս իրավիճակը դժգոհություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի ընտանիքների շրջանում, որոնց կարծիքով՝ բրիտանական դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրեր Լոուին: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազական ծառայությունը որոշել է մեղադրանք չներկայացնել իրավական բարդությունների պատճառով՝ նշելով, որ կանադական դատավարությունը հաշվի կառնի բրիտանական ընտանիքներին հասցված վնասը։

Տուժածներից մեկը՝ Դևիդ Պարֆեթը, պատմել է իր որդու՝ Թոմասի մասին, որը մահացել է 2021 թվականին՝ ենթադրաբար Լոուից ձեռք բերված նյութի օգտագործումից հետո։ Նա ընդգծել է, որ իր որդին կենսուրախ մարդ էր և սիրում էր ֆուտբոլ, ու հայտարարել է, որ կցանկանար, որ գործը քննվեր Մեծ Բրիտանիայում։

Նա նշել է, որ ընտանիքը պահանջում է հանրային հետաքննություն անցկացնել՝ համարելով, որ պետական կառույցները բավարար չափով համակարգված չեն նման դեպքերը կանխելու հարցում։ Պարֆեթը հայտարարել է, որ պետությունը «չի կատարում կյանքը պաշտպանելու իր պարտականությունը»։

Լոուն ձերբակալվել է 2023 թվականի մայիսին՝ լայնածավալ միջազգային հետաքննությունից հետո, որին մասնակցել են առնվազն 11 իրավապահ գերատեսչություններ շուրջ մեկ տասնյակ երկրներից, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Իտալիայից:

Քննությունը պնդում է, որ նա ղեկավարել է մի քանի կայքեր՝ առաջարկելով ինքնասպանություններին առնչվող նյութեր և հրահանգներ։ Դրվագներից մեկում գաղտնի գործող լրագրողը, ինչպես հաղորդվում է, Լոուից խորհուրդներ է ստացել ապրանքի օգտագործման վերաբերյալ՝ «մահվան առավելագույն հավանականության» համար։

Ոստիկանությունը նախկինում դիտարկում էր նրա գործունեության կապը Մեծ Բրիտանիայում տասնյակ մահերի հետ, իսկ Թագավորական դատախազական ծառայությունը գնահատում է հնարավոր կապը առնվազն 73 դեպքի հետ։

Կանադական օրենսդրությամբ ինքնասպանությանն աջակցելու համար Լոուին կարող է սպառնալ մինչև 14 տարվա ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *