ԱՄԷ-ն տասնյակ ավիահարվածներ է հասցրել Իրանին պատերազմի ողջ ընթացքում․ WSJ

Իրանի շուրջ հակամարտության առաջին իսկ օրերից Արաբական Միացյալ Էմիրությունները ավիահարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետությանը՝ դրանք կոորդինացնելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ․ գրում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ լրատվականի՝ հարվածները շարունակվել են մինչև հրադադարի հայտարարումից հաջորդ օրը։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ թիրախների թվում են եղել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ և Աբու Մուսա կղզիների օբյեկտները, Բանդար Աբբասի նավահանգիստը, Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանը և Ասալույեում գտնվող նավթաքիմիական համալիրը։

Թերթը նշում է, որ ԱՄԷ-ի մասնակցության մասշտաբները զգալիորեն ավելի մեծ էին, քան նախկինում հաղորդվել էր։ Ըստ աղբյուրների՝ հարվածներից մի քանիսը հասցվել են՝ ի պատասխան նավթագազային ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումների։

Ասալույեում գտնվող համալիրի վրա հարվածը միջազգային քննադատության է արժանացել և ըստ թերթի՝ ստիպել է Միացյալ Նահանգներին խնդրել Իսրայելին դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։

Ըստ WSJ-ի՝ ԱՄԷ-ի գործողությունները հակասություններ են առաջացրել Պարսից ծոցի երկրների շրջանում, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել, որ ԱՄԷ-ի հարվածները մեծացնում են Իրանի կողմից տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա պատասխան հարձակումների ռիսկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *