Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված վարչարարության արդյունքում 4 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանցից մեկը տնօրեն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում իրականացված վարչարարության արդյունքում 6 աշխատակցից պահանջվել է բացատրություն և տրվել խիստ նախազգուշացում, 7 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք ենթադրող արձանագրումները կազմել են 64 տոկոս։ Մարգարիտ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Երևանում գործող 42 նախադպրոցական հաստատությունում արդեն տեղադրվել են տեսախցիկներ։ Եվս 58-ում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել առաջիկայում։