
«Հրապարակի» զրուցակիցը 2022 թվականին Վերին Շորժայի դիրքերում զոհված Սերյոժա Ղազարյանի հայրն է` Սերժիկ Ղազարյանը:
– Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ տարաբնույթ հայտարարություններ է անում, բայց մարդկանց ամենից շատ զայրացրել է նրա այն հայտարարությունը, որ եթե ինքը չվերընտրվի, Ադրբեջանը սեպտեմբերին կհարձակվի Հայաստանի վրա: Մի մարդ, որ 4 պատերազմ ու զինված բախում, այսքան զոհեր է բերել Հայաստանին, ուզում է համոզել, որ իր մնալը բացառելու է նոր պատերազմը: Նա նաեւ ասում է, որ եթե Ռուսաստանը գազի սակագինը թանկացնի, ապա Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ ստանալ:
– Նախ ասեմ, որ ես 99 տոկոսով ոչ մի քաղաքական ուժի չեմ հավատում, կարող եք ինձ մեղադրել, բայց ինձ մոտ ոչ ոք հավատ չի ներշնչում: Չորս ղեկավար ունեցանք, չորսն էլ մեզ խաբեցին, ամեն մեկն իր թայֆաներով հարստացել է, ինչ-որ բաների հասել, իսկ երկիրը կործանվել է արդյունքում: Իզուր չէ, որ մեր ժողովրդի 20 տոկոսը հարուստ է, 80 տոկոսը՝ աղքատ: Մենք այժմ այնպիսի տգետ ու ախմախ իշխանություն ունենք, որ իշխանության գալու օրվանից միայն քանդում ու քանդում է: Հայաստանը չունի արդյունաբերություն, չունի գազ ու նավթ, չունի ծով, մեզ համար ամենակարեւոր ոլորտներից մեկը պետք է այսօր լիներ գյուղատնտեսությունը, բայց Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերին հայտարարեց, որ փակում է գյուղատնտեսության նախարարությունը, որ այն մեզ պետք չէ եւ այլն: Արդյունքում մեր երկիրն օրեցօր ավելի աղքատ է դառնում, մարդիկ ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնում: Ամողջ օրը խոսում են Եվրոպայից, բայց դեռ ինչքան ճանապարհ ունի մեր երկիրն անցնելու, որ հասնի եվրոպական երկրներին:
– Չնայած բոլոր այդ խնդիրներին, Նիկոլ Փաշինյանը սպառնում է կզացնել, սատկացնել ընդդիմադիր ուժերին, հավատացնում է, որ եթե իրեն վստահեն, «ծակն է կոխելու» Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն է դարձնելու եւ այլն:
– Նա շատ բան կարող է ասել, իր բոլոր ասածների պիտանիության ժամկետը վաղուց անցել է, էլ նրա ոչ մի խոսքին լուրջ վերաբերվող չկա: Ինչպես Ալիեւն է անիմաստ դուրս տալիս՝ ասելով, թե իբրեւ Երեւանն իրենց պատմական քաղաքներից է, այնպես էլ սա` միայն անիմաստ հայտարարություններ է անում, բայց տակը բան չկա: Հետեւում եմ այս քարոզարշավին ու զարմանում, նեուժելի՞ մի հատ նորմալ դիվանագետ չունենք, որ մեզ էս խայտառակությունից ազատի: Ինչքա՞ն կարելի է էս անամոթությունները հանդուրժել: Մեզ մի նորմալ ղեկավար է պետք, որ երկիրը կարգի բերի, ժողովրդի մատից գոնե մի հատ փուշ հանի:
– Ընդդիմության շարքերում չկա՞ այնպիսի քաղաքական ուժ, որին վստահում եք:
– Անկեղծ եմ ասում` ինձ մոտ ոչ մեկը վստահություն չի առաջացնում: Գուցե լավ բարեգործներ կան, լավ գործարարներ, բայց չգիտեմ, թե նրանք ինչքանով կկարողանան երկիր ղեկավարել: Հավատ չեն ներշնչում մի տեսակ:
– Կարծում եք՝ Փաշինյանից ավելի վա՞տ կղեկավարեն:
– Ես ատում եմ Նիկոլ Փաշինյանին, ես նրա անունն անգամ չեմ ուզում լսել: Նրան ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել: Ասում էր` Արցախը Հայաստան է, եւ վերջ: Իսկ հիմա ի՞նչ է անում: Ասում է, որ Արցախը երբեք չի եղել հայկական տարածք: Ես որդեկորույս ծնող եմ, ու ինձ մոտ հարց է առաջանում․ լավ, ասենք՝ Արցախը մերը չէր, բայց իմ երեխային Հայաստանի սուվերեն տարածքում թուրքը եկավ սպանեց, բա ինչո՞ւ չկարողացար դեմներն առնել, էդ էլ հո Հայաստան էր: Նման ղեկավարի հետ ո՞վ կարող է հույսեր կապել, ո՞ր մի նորմալ մարդը: Ջերմուկ, Վերին Շորժա եւ այլն: Ի՞նչ գործ ունի ադրբեջանցին այնտեղ:
– Բայց հինգշաբթի օրը Հանրապետության հրապարակում մեծ զորահանդես էին կազմակերպել, զենքեր էին ցուցադրում, գլուխ էին գովում, ինչի՞ համար են այդ զենքերը եւ զինտեխնիկան:
– Հա, մեր հարկերի հաշվին գնացել զենքեր են առել, բայց ո՞ւմ դեմ են դրանք օգտագործելու: Դե թող էդ զենքերով երկու հատ խփեն, ազերիներին վռնդեն մեր տարածքից: Ալիեւը ոնց ասում է, էդպես է անում: