Եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008-ին Վրաստանի հետ

«Հրապարակի» զրուցակիցը բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն է:

– Նիկոլ Փաշինյանն օրերս Կոտայքի մարզում իր հերթական նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ նախ հայտարարեց, որ հայ ժողովուրդը միլիոնատեր է դառնալու շուտով, ապա համոզմունք հայտնեց, որ Հայաստանն իր սեփական գազն է ունենալու, որի ֆոնին Ռուսաստանն ինչքան ուզում է կարող թանկացնել գազի սակագինը: Ի՞նչ հայտարարություն է սա, և ինչպե՞ս է Փաշինյանը գազի պաշարներ հայտնաբերելու:

– Այն, ինչ լսեցի Նիկոլ Փաշինյանի շուրթերից, թեպետ նրան մեկնաբանելը իմաստ չունի արդեն վաղուց, անիրականանալի է: Նա ասում է, որ Հայաստանը դառնալու է գազի համար տրանզիտ երկիր, և դրա դիմաց մեզ կվճարեն գազով: Նա փորձում է օրինակ բերել Վրաստանին և իրեն թվում է, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքով գազի խողովակ կարող է անցկացնել դեպի Թուրքիա, և տրանզիտի համար մեզ կվճարի այնքան գազ, որ մենք կարողանալու ենք հոգալ մեր կարիքները: Դա բացարձակ կեղծիք է, սուտ: Ոչ մի նման պայմանավորվածություն չկա: Ադրբեջանը դժվար թե հետաքրքրված է Հայաստանի լավ լինելով: Ալիևը բացառապես իր պետության շահերով է առաջնորդվում, ի տարբերություն մեզ: Եթե հանկարծ նա որոշի մեզ գազ վաճառել, ապա դա անելու է շուկայական գներով, բայց այդ գինը լինելու է շատ ավելի բարձր, քան այսօր մենք գնում ենք Ռուսաստանից: Պետք է հասկանալ մի բան` հայկական գազամուղը պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին: Եթե ռուսները որոշեն, որ Հայաստանի հանդեպ գազի սանկցիա են կիրառում, սահմանափակման, կամ սակագնի թանկացման տեսքով, ապա դժվար թե իրենց դուստր կազմակերպություն «Գազպրոմ»-ը կարողանա Ադրբեջանից գազ մտցնել Հայաստան:

– Փաշինյանը նաև ունի այդ խնդրի լուծումը: Ասում է` պետականցնելու ենք նաև «Գազպրոմ»-ը և բոլոր հարցերը լուծվելու են:

– Դա այդքան հեշտ չէ: Չեն կարող հենց այնպես վերցնել ու պետականացնել «Գազպրոմ»-ը: Ռուսաստանն այդ պարագայում մեզ շատ վատ իրավիճակի առաջ է կանգնեցնելու: Պետականացնել «Գազպրոմ»-ը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռուսներից խլել իրենց գույքը: Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի խոսել նման ձևով և դա անհետևանք մնա, անցնի, գնա: Դրա դիմաց մենք անպայման համապատասխան գին ենք վճարելու, մենք նկատի ունեմ` ժողովուրդը: Ռուսաստանը բազմաթիվ լծակներ ունի` սանկցիաների տեսքով, որոնք կարող է կիրառել մեր դեմ: Ի դեպ` արդեն իսկ սկսել է, սակայն այն, ինչ անում է այսօր Ռուսաստանը, դեռ «ծաղիկներն» է այն ամենի համեմատ, ինչ կարող է անել:

– Էլ ի՞նչ սահմանափակումներ կարող է մտցնել ռուսական կողմը, ի՞նչ նոր սանկցիաներ կարող են լինել:

– Առնվազն մի քանի ճանապարհով Ռուսաստանը կարող է սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ: Նախ կարող է փակել շուկան: Մենք դրա նախադրյալներն արդեն իսկ սկսում ենք տեսնել: Իհարկե, դեռևս չեն փակել շուկան Հայաստանի համար, սակայն կան գործնական ակնարկներ: Մի քանի ֆուռ ծաղիկ ու ելակ հետ ուղարկելով, «Ջերմուկի» արտահանման արգելք դնելով ռուսական կողմը մեզ ակնարկում է, թե ինչեր կարող է դեռ անել: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե Ռուսաստանն անի այն, ինչ արեց 2008 թվականին Վրաստանի հետ: Ես այդ տարիներին ապրում էի ՌԴ-ում և տեսա, թե ինչպես մի օրում ռուսական խանութներից չքվեց վրացական արտադրանքը` ամբողջապես: Վրացական գինիներ, վրացական հանքային ջրեր, մանդարին և այլն, այս ամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանից պարզապես չքվեց: Ես դա տեսել եմ իմ աչքերով: Վրաստանը մի քանի տարի ապրեց այդ սահմանափակումներով: Նույնը հիմա մեզ է սպասվում: Վրացիները տարիներ անց հասկացան, որ նման ձևով ապրելը անհնար է և սկսեցին ՌԴ-ի հետ լեզու գտնելու ճանապարհներ փնտրել, իհարկե, իշխանափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին հեռացավ: Նա այն գործիչը չէր, ում հետ ռուսները կարող էին բանակցել: Մյուս սահմանափակումը, որ կարող են անցել, դա վիզաներ մտցնելն է: Սա ևս արել են Վրաստանի դեմ: Այսինքն` Ռուսաստան գնալը կդառնա վիզաներով: Կփակեն աշխատաշուկան, և բոլոր հայ խոպանչիները մի օր համատարած կվերադառնան Հայաստան ու այլևս չեն կարողանա ՌԴ մուտք գործել:

– Բայց կա մի տարբերություն. Սահակաշվիլին կտրուկ էր գործում Ռուսաստանի դեմ, Փաշինյանը լարախաղացությամբ է զբաղվում: Նա հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա հավելել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ ունի շատ ջերմ հայտարարություններ:

– Ախր նա կարող է միայն իր ընտրողներին այդպես հեշտ խաբել: Նա չի կարող Պուտինին նման ձևով խաբել: Նրա շուստրիությունը չի անցնում այլ պետություններում, քանի որ նրա կեղծավորությունն ակնհայտ է: Մի օր մի բան է ասում, հաջորդ օրը անում է դրա հակառակը: Ասում է` Պուտինն իմ ընկերն է, բայց Հայաստան է բերում Պուտինի թիվ մեկ թշնամուն` Զելենսկիին, որը Երևանից սպառնում է Մոսկվային, որ մայիսի 9-ին հարվածներ է հասցնելու ռուսական կողմին և այլն: Ընկերները, բարեկամները իրար հետ այդպես չեն վարվում: Լավ կանի Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվի, թե իր ընկերը ով է` Մակրո՞նը, Զելենսկի՞ն, թե՞ Պուտինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *