«Ծառերը մահանում են ջրազրկումից». Եվրոպայի անտառները կոլապսի գոտում են

Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների անտառներում ավելի ու ավելի շատ ծառեր են չորանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շոգի կրկնվող ալիքների և երաշտների պատճառով, գրում է AFP-ն։

Գիտնականներն արձանագրում են, որ շատ տեսակներ արդեն կիրառում են գոյատևման ծայրահեղ մեխանիզմներ, որոնք հաճախ ավարտվում են ծառի մահով:

Ըստ Ֆրանսիայի անտառային տնտեսության ազգային վարչության տվյալների, ծառերը խոնավությունը կորցնում են տրանսպիրացիայի գործընթացի միջոցով և բարձր ջերմաստիճանի պայմաններում ստիպված են լինում փակել հերձանցքները (ստոմաները)՝ գոլորշիացումը նվազեցնելու համար: Դա օգնում է պահպանել ջուրը, բայց միևնույն ժամանակ դադարեցնում է ֆոտոսինթեզը և հանգեցնում ծառի «սովի»։

Մեկ այլ մեխանիզմ՝ բաց հերձանցքներով ջրի կլանման շարունակումը, մեծացնում է ջրազրկման վտանգը: Սաստիկ երաշտի ժամանակ ծառի հաղորդիչ համակարգում կարող են առաջանալ օդային պղպջակներ (գազային էմբոլիա), որոնք արգելափակում են հյութի շարժումը և հանգեցնում բույսի չորացման:

Գիտնականները նշում են, որ վերջին տասնամյակում Ֆրանսիայում ծառերի մահացությունը կրկնապատկվել է: Մասնագետների գնահատմամբ՝ մինչև 2050 թվականը Եվրոպայում ծառերի տեսակների մոտ 30%-ը կարող է հայտնվել թվաքանակի կրճատման վտանգի տակ:

Շոգի նկատմամբ առավել դիմացկուն են համարվում միջերկրածովյան որոշ տեսակներ, որոնք ունեն ավելի խիտ տերևներ և խոնավության կորստի նվազեցման մեխանիզմներ: Սակայն անտառներն ընդհանուր առմամբ ստիպված են հարմարվել կլիմայական փոփոխությունների տեմպերին, որոնք զգալիորեն ավելի արագ են, քան էվոլյուցիայի բնական գործընթացները:

Հետազոտողներն ընդգծում են, որ առանձին ծառեր արդեն գտնվում են ոչնչացման եզրին, ինչը հստակ նկատելի է ֆրանսիական մի շարք անտառներում, այդ թվում՝ Ֆոնտենբլոյում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *