Ռոբոտները դուրս են գալիս պոդիում. մարդու և մեքենայի միջև սահմանը սկսում է անհետանալ

Սեուլում անցկացվել է նորաձևության ցուցադրություն, որի ընթացքում մարդկանց հետ միասին պոդիումով անցել են մարդանման ռոբոտներ՝ հագնված դիզայներական հագուստով։ Mach33: Physical AI Fashion Show անվանումով միջոցառումը կազմակերպել է հարավկորեական Galaxy Corporation ընկերությունը։

Reuters-ի տվյալներով՝ ցուցադրության գաղափարը կառուցվել էր մարդկանց և ռոբոտների առօրյա կյանքում համակեցության գաղափարի շուրջ։ Ռոբոտներն ու մոդելները պոդիում էին դուրս գալիս համադրված կերպարներով, ցուցադրում էին սինխրոն շարժումներ և միասին կեցվածք ընդունում։

Շոուն անցկացվել է Սեուլի Galaxy Robot Park համալիրում՝ մի տարածքում, որը միավորում է ռոբոտատեխնիկան, արհեստական բանականությունը և փոփ մշակույթի տարրերը։ Կազմակերպիչները նախագիծը ներկայացրել են որպես «ֆիզիկական ԱԲ»-ի ցուցադրություն, որտեղ ռոբոտը դիտարկվում է ոչ միայն որպես գործիք, այլև որպես մշակութային միջավայրի մասնակից։

Galaxy Corporation ընկերությունն ակտիվորեն զարգացնում է «զվարճանքի տեխնոլոգիաների» ուղղությունը՝ համատեղելով ԱԲ-ն և զվարճանքի արդյունաբերությունը։ Նորաձևության ցուցադրություններից բացի, այն ծրագրում է նաև ռոբոտացված համերգներ և ինտերակտիվ շոուներ։

Հարավային Կորեան աշխարհի ամենաբարձր արդյունաբերական ռոբոտների խտություն ունեցող երկրներից մեկն է և ակտիվորեն ներդրումներ է կատարում մարդանման ռոբոտատեխնիկայի զարգացման մեջ։ Սակայն, չնայած շարժման և կոորդինացիայի ոլորտում ձեռքբերումներին, ինժեներները դեռևս բախվում են ինքնավարության, առարկաների հետ մանիպուլյացիայի և մարդկանց հետ փոխգործակցության սահմանափակումների։

Փորձագետները նշում են, որ նման միջոցառումները արտացոլում են ռոբոտատեխնիկայի՝ արդյունաբերությունից դուրս գալու միտումը դեպի մշակույթի և զվարճանքի ոլորտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *