Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալությունը արգելել է Ղազախստանից ծծումբ տեղափոխող վագոնների բեռնումն ու փոխադրումը դեպի ռուսական ծովային նավահանգիստներ և սահմանային երկաթուղային անցակետեր։
Հրամանը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտնում անորոշ ժամկետով։ Սահմանափակման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։
Ղազախստանը ծծմբի խոշոր արտադրող և արտահանող է՝ տարեկան արտահանելով ավելի քան 4 միլիոն տոննա արտադրանք։ Այդ ծավալների մեծ մասն ավանդաբար արտահանվում էր Ռուսաստանի նավահանգիստների միջոցով։
Փորձագետների գնահատմամբ՝ որոշումը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել համաշխարհային շուկայի վրա, որտեղ արդեն իսկ նկատվում է ծծմբի դեֆիցիտ։ Ծծումբը լայնորեն օգտագործվում է ծծմբաթթվի արտադրության մեջ, որն անհրաժեշտ է պարարտանյութերի, մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության համար։
Վերջին մեկ տարվա ընթացքում ծծմբի գինը, ըստ Trading Economics-ի տվյալների, աճել է ավելի քան 205%-ով՝ հասնելով ռեկորդային 7,5 հազար յուանի մեկ տոննայի դիմաց։