Բրիտանիան Martlet հրթիռներ կգնի՝ Իրանում սպառված պաշարները համալրելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 36 միլիոն ֆունտ ստերլինգով (50 միլիոն դոլար) ձեռք կբերի Martlet բազմապատակային հրթիռներ, որոնք հայտնի են նաև որպես Lightweight Multirole Missiles (LMM)։ Այս քայլն ուղղված է Իրանում պատերազմի հետևանքով սպառված սպառազինության պաշարների համալրմանը և Մերձավոր Արևելքում բրիտանական ռազմական օբյեկտների պաշտպանության ուժեղացմանը։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ մատակարարումները զորքերին կսկսվեն առաջիկա ամիսներին և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում։ Ռազմական գերատեսչությունից մատնանշել են, որ մարտ և ապրիլ ամիսներին Իրանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ LMM հրթիռներն օգնել են որսալ ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր։ Հակամարտության ընթացքում Մեծ Բրիտանիան չէր միացել Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածներին, սակայն մասնակցել էր Թեհրանի կողմից իրականացված պատասխան գրոհների հետմղմանը։

Պայմանագիրը կնքվել է Thales ընկերության հետ։ Հրթիռներն արտադրվում են Բելֆաստում գտնվող նրա ձեռնարկությունում։ Ընկերությունն այս հրթիռները ներկայացնում է որպես կիրառման լայն շրջանակ ունեցող զինամթերք. դրանք կարող են արձակվել ինչպես Rapid Sentry ՀՕՊ համալիրներից, այնպես էլ Wildcat ուղղաթիռներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *