44–օրյա պատերազմի ժամանակ ամենամեծ աջակցությունը բանակին տվել է Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

44-օրյա պատերազմի ժամանակ հայկական պաշտպանությանն ամենամեծ աջակցությունը Հայաստանի և սփյուռքի բոլոր հայ գործարարների թվում ցուցաբերել է Սամվել Կարապետյանը, և այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը դա հստակորեն արձանագրեցին։ Հունիսի 1-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նրա բնորոշմամբ՝ ծայրահեղ անարդար է, երբ մարդիկ առյսօր հարցականի տակ են դնում երկրի անվտանգության գործում Կարապետյանի ներդրումը, այն դեպքում, երբ այդ մարդը, գտնվելով սփյուռքում, իր ամբողջ հնարավորությունները ներդրել է Հայաստանի պաշտպանության համար։ Ցուցակը գլխավորողն ընդգծել է, որ այս փաստի շնորհիվ պայթեց կառավարող «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչների քարոզչական փուչիկը, որոնք ցինիկաբար պնդում էին, թե խոշոր բարերարը պատերազմի ժամանակ սահմանափակվել է միայն խաղաղության կոչերով։

Նարեկ Կարապետյանը խորին երախտագիտություն է հայտնել լրագրողներին այն բանի համար, որ նրանք վերջապես այդ կարևոր հարցն ուղղել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որն անմիջականորեն կազմակերպում էր պաշտպանական գործընթացները և այդ ժամանակահատվածում գլխավոր պատասխանատու անձն էր։ Ինչպես նշել է Կարապետյանը, պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հաստատել է Սամվել Կարապետյանի կողմից զգալի և լայնածավալ օգնության տրամադրումը ինչպես մինչև 2018 թվականը, այնպես էլ դրանից հետո։ «Ամենացավալին այն է, որ իրենք հրաշալի գիտեին, որ հենց Կարապետյանն է ամենամեծ աջակցությունը ցուցաբերել, բայց իրենց կուսակցության անդամները շարունակում էին ստել հանրությանը և հարցնել, թե որտեղ էր նա 44-օրյա պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Նա հավելել է, որ այդ գործունեության իրական ցուցանիշն այն է, որ Ադրբեջանի նախագահը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, և պատասխան հարց է ուղղել գործող իշխանության ներկայացուցիչներին. «Իսկ որտե՞ղ էիք դուք այդ ժամանակ»։

Բացի դրանից, Նարեկ Կարապետյանը կիսվել է Երևանում նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլից ստացած իր տպավորություններով։ Նա պատմել է, որ եթե մյուս վարչական շրջաններում դաշինքի անդամներն իրենք են մանրամասն ներկայացնում քաղաքացիներին իրենց ծրագրերը, ապա Արաբկիրում իրավիճակն սկզբունքորեն այլ է։ Կարապետյանի վկայությամբ՝ այսօր Կոմիտասի պողոտայով քայլերթի ժամանակ ինքն անձամբ բնակիչներից մոտ հիսուն անգամ լսել է կոշտ փոփոխությունների պահանջ։ «Արաբկիրում մարդիկ պարզապես չեն լսում մեզ, հենց իրենք են պահանջում փոփոխություններ և ասում. «Եթե երկրում իրավիճակը չփոխեք, մեզնից չեք պրծնի»»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած ոք կարող է քայլել թաղամասով և անձամբ համոզվել տեղի ընտրողների անզիջում տրամադրվածության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *