Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո)

Քիչ առաջ տեղեկացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես Աշտարակում, ինչպես նաև խուզարկություն է իրականացրել Դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը։ Սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։

Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է և ճղճիմ և նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։

Եվ երկրորդ արձանագրումը. այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը, և այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։

Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել և համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։

Իսկ մեր համակիրներին, աջակիցներին, ընտրողներին և առհասարակ մեր ժողովրդին հստակ ասեմ, որ նման մեթոդներով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել, նրա միակ հույսը մնացել է ուժային կառույցները, նման ապօրինի մեթոդներով մեր շտաբների գործունեությանը խոչընդոտելը, որը արդյունք չի տալու։ Մեր ընկերներին, համակիրներին, կոչ եմ անում շարունակել իրենց աշխատանքը, ուշադրություն չդարձնել այս ամեն ինչին և ընդամենը 4-5 օրից այս իշխանության ավարտը լինելու է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *