
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծ մասը քննադատել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ընդլայնված ռազմական գործողությունները, մինչդեռ Վաշինգտոնը ձեռնպահ է մնացել Թել Ավիվին քննադատելուց։
Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել «Լիբանան» թեմայով։
Նիստում ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը նշել է, որ նիստը պահանջվել է ի պատասխան «Իսրայելի կողմից Լիբանանում ռազմական գործողությունների զգալի ընդլայնման՝ չնայած ապրիլի 17-ին ԱՄՆ հովանու ներքո ուժի մեջ մտած հրադադարին»։
Քննադատելով Իսրայելի «օկուպացիան», Բոնաֆոնը նշել է, որ «նոր օկուպացիան, որը հեռու է Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելուց, միայն անկայունությունը սրելու ռիսկ է պարունակում»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույնպես զուգահեռներ է անցկացրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների և Գազայում տիրող իրավիճակի միջև՝ նշելով, որ Լիբանանում տեղի է ունենում «Գազայի հատվածում բնակչության հարկադիր տեղահանմամբ լայնածավալ օկուպացիայի և մաքրագործման գրեթե նույնական սցենար»։Նեբենզյան պահանջել է իսրայելական ուժերի անհապաղ դուրսբերումը՝ նշելով, որ առանց դրա անհնար կլինի իրական հրադադարի հասնել։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆունն ուշադրություն է հրավիրել «իսրայելական զորքերի ամենախորը առաջխաղացումը Լիբանանում ավելի քան 20 տարվա ընթացքում»։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյմս Կարիուկին նույնպես դատապարտել է Իսրայելի կողմից անհամաչափ սրացումը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը, ի տարբերություն Խորհրդի մյուս անդամների, այլ դիրքորոշում է ընդունել՝ պատասխանատվությունը դնելով «Հըզբոլլահի» և Իրանի վրա՝ առանց հիշատակելու Իսրայելի կողմից կատարված խախտումները։