Անիրական հույսի շող – Հրապարակ

Թույլ, աննշան, բայց այնուամենայնիվ հույսի մի շող է երեւում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է սկսել հասկանալ, որ իր հեռանալն այլընտրանք չունի: Հնարավոր է, որ նա իր հեռացման համար ճանապարհ է հարթում, ինքն իրեն համոզում, որ այդպես ավելի լավ կլինի ոչ միայն երկրի, ժողովրդի, այլեւ հենց իր համար: Նախորդ օրը՝ քարոզարշավի ժամանակ նա խոսել է ընտրություններում իր պարտության մասին. «Քանի ես վարչապետ եմ, Հայաստանի Հանրապետությունում որեւէ ընտրությամբ, որեւէ քվեաթերթիկ չի կեղծվելու: Ես ուղիղ ասում եմ՝ եթե ժողովուրդն այս ընտրությունների արդյունքներով որոշի, որ ես պետք է թողնեմ հեռանամ, ես սուսուփուս, խոնարհությամբ, շնորհակալությամբ կթողնեմ եւ կհեռանամ»: Իհարկե, սա կարելի է համարել դեմագոգիա` ժողովրդավար լինելու կեղծ խաղ մի մարդու կողմից, որի հրահանգով հարյուրավոր մարդիկ են կեղծ մեղադրանքներով կալանավորվում: Հնարավոր է, որ նա սկսել է գիտակցել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ իշխանությունից կառչած մնալը․ եթե նույնիսկ հաջողվի պահել այն, ապա դա տեւելու է ընդամենը մի քանի ամիս, ամենաշատը՝ մինչեւ տարեվերջ, եւ այդ ժամանակ ինքը ոչ թե խոնարհությամբ է թողնելու գնա, այլ իրեն քշելու է սոված ու ցրտի մատնված ամբոխը:

Անկախ նրանից, թե ինչ է մտածում Փաշինյանը` դեմագոգիայով է զբաղվում, թե իսկապես մտքին կա՝ հեռանալ, եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա Հայաստանում հունիսի 7-ից հետո, եթե նրան հաջողվի մնալ իշխանության ղեկին, եթե կեղծի ընտրության արդյունքները եւ ռեպրեսիվ մեքենայի միջոցով ճնշի դժգոհության ալիքը, մարդկանց կալանավորելու կամ նույնիսկ կյանքի գնով: Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է սոսկալի վատ վիճակում, բյուջետային մուտքերը չեն բավարարելու իր նախընտրական պոպուլիզմը սպասարկելու համար․ բարձրացված թոշակները, առողջապահական ապահովագրությունը, գյուղվարկերի սուբսիդավորումը եւ նման այլ նախընտրական ընտրակաշառքները լավ են նախընտրական շրջանում, բայց հետընտրականում ծանր բեռ են դառնալու բյուջեի համար: Այսօր արդեն տեսանելի է, որ ծախսերը ֆինանսավորելու համար եղած փողը չի բավարարում, իրենք ստիպված մեծացնում են պետական պարտքը, դիմում են տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների, վաղն ավելի վատ է լինելու, փող չի լինելու, պարտքով փող տվող՝ եւս:

Ռուսաստանը չի հրաժարվելու պատժամիջոցներից, Ռուսաստանի համար որեւէ տարբերություն չկա՝ ծիրանը, խաղողը, սալորը կամ դեղձը Հայաստանի՞ց է ներմուծում, թե՞ Ուզբեկստանից, ծաղիկը Հայաստանի՞ աճեցրածն է, թե՞ Հոլանդիայի ու Էկվադորի, հանքային ջրերի ու ոգելից խմիչքների տասնյակ արտադրողներ կան ՌԴ-ում, որոնք միայն ուրախ են, որ մրցակից հայկական ընկերությունները դուրս են մղվում տեղական շուկայից, էլ չեմ խոսում Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, որոնք նույնպես հայկական արտադրողի մրցակիցներն են: Հազարավոր ընկերություններ սնանկանալու են, տասնյակ հազարավոր մարդիկ մնալու են անգործ, անեկամուտ, աղքատությունը եւ սոցիալական լարումը հասնելու են աննախադեպ չափերի: Եվ դա՝ շատ արագ, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Վերջին հարվածը կարող է լինել գազի գնի թանկացումը, Ռուսաստանը ցանկացած պահի կարող է թանկացնել. հիմա չի անում, որովհետեւ իմաստ չունի, հիմա գազի եւ հոսանքի սպառումն այդքան մեծ չէ, էներգիայի այլ աղբյուրներ կան: Այդ «նվերը» պահել են ձմռան համար` նոյեմբերին կամ դեկտեմբերին, երբ գազի սպառումը հասնում է առավելագույնի: Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը եւ Դանիել Իոաննիսյանը կարող են ազգայնացնել` իրենցով անել «Գազպրոմ Արմենիան»` այնպես, ինչպես վարվել են ՀԷՑ-ի հետ, բայց դրանից գազը չի էժանանա, այն ուղղակի կանհետանա, Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը: Այլընտրանքային գազ կարող է գալ միայն Ադրբեջանից․ «գազ՝ Սյունիքի կամ Գեղարքունիքի դիմաց» սխեմայով: Իոաննիսյանը կհայտարարի՝ մենք չենք կարող Ռուսաստանին զիջել մեր ինքնիշխանությունը, ավելի լավ է զիջենք Սեւանը կամ Սյունիքը եւ փրկենք մեր ժողովրդին ցրտահարությունից:

Եթե Փաշինյանը վերջնականապես չի խզել կապը բանականության հետ, իսկ կարծում եմ` դա տեղի չի ունեցել, ապա նա հասկանում է, թե իրականում ինչ է սպասվում Հայաստանին`իր կողմից իշխանությունը հերթական անգամ բռնազավթելու դեպքում: Եվ ոչ մի ԱՄՆ ու ԵՄ իրեն չեն օգնելու, չեն օգնելու ոչ միայն փողով, այլեւ՝ շուկաներով, արտահանման այլընտրանք տալով: ԵՄ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, տնտեսական աճի փոխարեն տնտեսական անկում է, եւ դրա հաղթահարման համար չկան նախադրյալներ, Եվրոպայում փող չկա սեփական կարիքների համար, ուր մնաց՝ ուրիշներին օգնի: Եթե ինքը կամավոր չգնա, չգնա հիմա, ապա հեռացվելու է ցնցումներով: Գուցե հենց դրա համար է հիմա խոսում կամավոր հեռանալու մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *