
Ամենայն հայոց կաթողիկոսն օրերս հանդես եկավ ուղերձով․ «Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի եւ հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով եւ սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը եւ փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ եւ ամեն չարախոսություն»:
«Հրապարակն» այս կոչի եւ այլ հարցերի մասին զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:
– Ինչո՞ւ Վեհափառը նման կոչով հանդես եկավ:
– Կոչը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակության ամբողջության կարծիքն արտահայտեն իշխանությունները, այսինքն, Վեհափառ հայրապետն ակնկալում է լեգիտիմ իշխանություն ունենալ, որոնք կընտրվեն ազգի ընտրողների մեծամասնության քվեով եւ ոչ թե ազգի հիմնական մասը հուսահատության մեջ լինի` չմասնակցի ընտրություններին, եւ այն փոքրիկ խմբավորումները, որ շատ անգամ նաեւ ագրեսիվ են, իրենք դառնան իշխանություններ եւ չարտահայտեն ազգի մեծամասնության դիրքորոշումը:
– Մտավախություն չկա՞, որ իշխանությունները սա կարող են ներկայացնել որպես քաղաքականությանը խառնվելու հերթական փորձ:
– Նման կոչով հանդես են եկել նաեւ որոշ եպիսկոպոսներ, որ հասարակությանը կոչ են անում՝ մասնակցություն ունենալ ընտրություններին: Չնայած իրենց հայտարարությունները՝ ես տեսել եմ, շատ չեզոք են, չեն առաջարկում որեւէ կողմից մասնակցել, ուղղակի հորդորում են՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարել: Այդ թվում ես եմ հորդորում, որ մեր քաղաքացիներն ակտիվ լինեն, գնան, իրենց քաղաքացիական պարտքը կատարեն:
– Այսինքն, խնդիրն այն է, որ այս ընտրությունները ոչ թե հերթական, այլ գոյաբանական ընտրություններ են:
– Ինքնության հարցն է լուծվում, որովհետեւ կարող է ֆիզիկական գոյություն լինել, բայց մենք մեր ինքնությունը կորցնենք, այսինքն՝ ինքնության կորուստ կարող ենք ունենալ մեր հայրենիքում եւ նաեւ տեսնում ենք, որ նախընտրական փուլում ոմանք իրենց ծրագրերում ներառել են հակաեկեղեցական կետեր՝ բարենորոգման անվան տակ, հակաեկեղեցական, հակասահմանադրական կետեր կան, քաղաքացիները նաեւ պիտի ուշադիր լինեն, որ այդպիսիներին ձայն չտան:
– Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական քաղաքականությունը պայմանավորում էր իբրեւ թե Եկեղեցու կողմից իրենց քաղաքականությանը միջամտելու հանգամանքով, սակայն նրա ընտրարշավին մասնակցում են նաեւ կարգալույծները եւ այլք:
– Օրինակ, տեսա, որ նույն Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թոխմազյանը, որ երկուսն էլ լոռեցի չեն, բայց Լոռիում իշխանությունների քարոզարշավին գլխաքանակ էին ապահովում՝ քաղաքացիական հագուստներով, եւ տեսնում ենք, որ իշխանությունները նաեւ կոպիտ կերպով չարաշահում են վարչական ռեսուրսները՝ սկսած համայնքապետարանների կոմունալ բաժնի աշխատակիցներից մինչեւ դպրոցի ուսուցիչներ: Իրենց նկատմամբ իշխանությունների կողմից պարտադրանք կա, որը, կարծում եմ, ազնիվ չէ: Նաեւ ընդդիմադիր գործիչների հասցեին իրենց վիրավորական արտահայտություններն են անընդունելի: Մարզպետը Բյուրականում շատ վատ արտահայտություն արեց, եւ գյուղացիներից շատերը դրանից վիրավորվել են: Այսինքն, իշխանություններին խորհուրդ կտամ, որ ատելություն չսերմանեն քարոզարշավի ժամանակ, այլ իրենց ծրագիրը ներկայացնեն: Ցավոք, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ծրագիր ներկայացնելու փոխարեն, մյուսների քննադատությամբ եւ մեղադրանքներ հնչեցնելով է զբաղվում: Իշխանությունները պետք է ավելի կոռեկտ իրենց պահեն, իշխանություններին սազական չէ թշնամանք ու ատելություն սերմանելը: Պետական պաշտոնյաներին ոչ հարիր ոճ են օգտագործում, որը ցավալի երեւույթ է:
– Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հաճախ տեսնում ենք կանանց, ովքեր ասում են, որ Փաշինյանը փրկիչ է կամ Հիսուսին հավասար մարդ: Սա չի՞ հիշեցնում կրոնական որոշ կազմակերպությունների գործելաոճ:
– Եկեղեցու նկատմամբ այդ ատելությունը, որ Նիկոլ Փաշինյանը գեներացնում է, նա դրանով, հավանաբար, փորձում է սիրաշահել տարբեր աղանդների ներկայացուցիչներին, եւ տոտալիտար այդ աղանդների ներկայացուցիչները, որ ծայրահեղական, հակաեկեղեցական կեցվածք ունեն, փորձում են սրբացնել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ իրենք ընդհանուր պայքար ունեն ազգային արժեքների դեմ, Եկեղեցու դեմ, Վեհափառի դեմ եւ գտնում են այդտեղ իրենց հոգեհարազատ մարդուն, որը նույնպես, բացի իրենցից, թշնամանք եւ ատելություն է սերմանում Հայ առաքելական եկեղեցու, Վեհափառ հայրապետի դեմ: Այսօր այդ «բարեկարգում» անվամբ էջում տեսա մի կին՝ Ալմաստ Մուրադյան անունով, որը զրպարտում էր մեր եպիսկոպոսներին՝ ասելով, որ քաղաքականությամբ են զբաղվում, երբ որ եպիսկոպոսներն ընդամենը հորդորում էին քաղաքացիներին՝ ակտիվ ընտրությունների գնալ, եւ այս փուլում իրենց արած հայտարարությունն օրենքի շրջանակում է, շատ պատշաճ է: Տեսնում ենք, որ որոշ մարդիկ գումարի դիմաց պատրաստ են գալ, շողոքորթել, քծնել, բայց դա պատշաճ չէ մեր հասարակությանը:
– Եթե այս իշխանությունը վերարտադրվի, նրանց հակաեկեղեցական ծրագրերն ինչպե՞ս են կյանքի կոչվելու, եւ արդյո՞ք դա հաշվի առնելով եղավ քահանայաց ժողովի հայտնի հայտարարությունը:
– Իրենք հակասահմանադրական այդ կետերը որ մշակել են, դրանք կիրառելու որեւէ իրավասություն չունեն: Եթե անգամ վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահումով եւ ընտրակեղծիքներով Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ինքը որեւէ իրավասություն չունի՝ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու: Որեւէ մեկն իրեն նման մանդատ չի տվել, եւ ինքը դրա իշխանությունը երբեւիցե չունի: Եթե վարչական ռեսուրսը չարաշահելով կընտրվի, թող փորձի նախորդ եւ ներկա ընտրություններին տված խոստումները, որ օրենքի շրջանակում են, ի կատար ածել, որոնց համար ես լուրջ կասկածում եմ: Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել եւ, բնականաբար, սա էլ չի անելու: