Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է. Թաթոյան

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար»։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում։

Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժոոովրդավարություն։

Այսօր՝ ժամը 12:00-ին, այցելելու եմ Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով հացադուլ իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու»։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր մայիսի 18–ին, Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Քննությունը կարծում է, որ Օսիպյանը սոցիալական ցանցերով նյութեր է հրապարակել, որոնք Փաշինյանի հասցեին բռնության կոչեր են պարունակել, ինչպես նաև փորձել է խոչընդոտել նրա քարոզարշավին։ Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու փաստերով։

Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *