Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ներկա որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Նոր ընդգրկված տարրերն են՝

·         «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»

·         «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»

·         «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»

·         «Խաբ ու խազ (կաթփոխ)»

·         «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»

·         «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ

·         «Թաք ծաղկեցավ» երգ

·          «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»

·         «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»

·         «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»

·         «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»

·         «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Այս գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։ Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–2027 թվականների ռազմավարությունից, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված գույքագրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *