
Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում անցկացված բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունները «պայմանավորված են «Հեզբոլլահ» շարժման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ և բոլոր զինյալների դուրսբերմամբ՝ Լիտանի գետից հարավ գտնվող հատվածից»։
«Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ մոտ ժամանակներս սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք կվերահսկեն Լիբանանի զինված ուժերը՝ առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Այս քայլերը կնպաստեն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրի կնքման հարցում առաջընթացին», – ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերը «պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով», իսկ ԱՄՆ-ն «համաձայնել է նպաստել այդ ժամանակահատվածում կողմերի միջև հաղորդակցությանը»: