ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում․ Խամենեի

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում և այժմ անցել են երկրի ներսում տարաձայնություններ հրահրելու արշավի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հաղորդում է Al Jazeera-ն։

Իր գրավոր ուղերձում Խամենեին նշել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած «ճնշումների համակարգը» չի կարողանում համակերպվել ուժեղ և անկախ Իրանի գոյության հետ։ Նա Իսրայելը բնութագրել է որպես այդ համակարգի «կեղծ առաջնագիծ»։

«Ռազմական ձախողումից ու խորը ստորացումից հետո թշնամին այժմ հիբրիդային պատերազմ է մղում՝ կենտրոնանալով ժողովրդի դիմակայունության կոտրման և պաշտոնյաների սխալ հաշվարկների վրա։ Նրանց գլխավոր գործիքը կասկած, հուսահատություն, վախ ու պառակտում սերմանելն է։ Ցանկացած գործողություն, որը ժողովրդի մեջ անվստահություն, հոռետեսություն կամ հուսահատություն է առաջացնում, աջակցություն է այս երկրի ու նրա ժողովրդի թշնամիներին»,- հայտարարել է Խամենեին։

Նա Իրանի քաղաքացիներին կոչ է արել նման գործողություններին պատասխանել տոկունությամբ, սառնասրտությամբ և ազգային միասնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *