
ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում և այժմ անցել են երկրում ներքին տարաձայնություններ հրահրելու արշավին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հաղորդում է Al Jazeera-ն։
Իր գրավոր ուղերձում Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած «ճնշման համակարգը» չի կարող հաշտվել ուժեղ և անկախ Իրանի գոյության հետ։ Իսկ Իսրայելը նա բնութագրել է որպես այդ համակարգի «կեղծ առաջնագիծ»։
«Ռազմական անհաջողություն կրելով և խոր նվաստացում ապրելով՝ թշնամին այժմ վարում է հիբրիդային պատերազմ՝ կենտրոնանալով երկու ուղղությունների վրա՝ ժողովրդի դիմակայունության և պաշտոնատար անձանց սխալ հաշվարկների։ Նրանց հիմնական գործիքը կասկած, հուսահատություն, վախ և պառակտում սերմանելն է։ Ցանկացած գործողություն, որը ժողովրդի շրջանում առաջացնում է անվստահություն, հոռետեսություն կամ հուսահատություն, այդ երկրի և նրա ժողովրդի թշնամիներին աջակցելու ձև է», – հայտարարել է Խամենեին։
Նա կոչ է արել Իրանի քաղաքացիներին զսպվածությամբ, սթափությամբ և ազգային միասնությամբ արձագանքել նման գործողություններին։