

«2036թ.-ից հետո, դա իմ անձնական կարծիքն է, կարելի է ատոմակայանը շահագործել ևս 5 տարի: Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Այսօր մենք ստանում ենք օպերատորից՝ իջացրեք 30%-ով առավոտյան, երեկոյան բարձրացրեք 30%-ով։ Սա անթույլատրելի է։ Գոյություն ունի չափաքանակ, թե քանի անգամ կարող են բարձրացնել, իջեցնել հզորությունը, այն գերազանցելու դեպքում կարող ենք վնաս հասցնել ռեակտորի ջերմանջատիչ էլեմենտներին». «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյան։
2026թ․ մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը հանդես եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վիճակի մասին» զեկուցմամբ։
ՀԱԷԿ-ի վերաթողարկման մասին
Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 440 ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:
ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989թ. փետրվարին և մարտին կանգնեցվեցին №1 և №2 էներգաբլոկները, որին հաջորդեցին ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի շրջափակումը, ծանր էներգետիկ ճգնաժամը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու մասին որոշում ընդունվեց:
«Վերագործարկման համար այս տիպի կայանների համար պետք է անպայման անվտանգության միջոցառումների շարք կատարվեր։ 3 հիմնական հարց կար դրված, 1-ին՝ կայանի շինհրապարակի սեյսմիկ վիճակի գնահատում, 2-րդ՝ ռեակտորի իրանի՝ հատկապես 4-րդ կարի գնահատում, և 3-րդ՝ ինչ դիագնոստիկ ախտորոշիչ համակարգեր կան՝ հատկապես արտահոսքերի հայտնաբերման ու գնահատման։ Այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կատարվելուց հետո՝ 1995թ. նոյեմբերի 5-ին, վերաթողարկվեց ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։
Այնուհետև, որոշ ժամանակ անց ՄԱԳԱՏԷ-ն առաջարկեց TECDOC-640 փաստաթուղթը, որով առաջարկվում էր ՋՋԷՌ-440 էներգաբլոկների անվտանգության մակարդակի բարձրացումն իրականացնել՝ համաձայն նշված փաստաթղթի: «2015թ. TECDOC-640 փաստաթղթով պահանջված բոլոր միջոցառումները ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկում իրականացվեցին: Այսինքն՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ներկայացված բոլոր պահանջները, որոնք վերաբերում էին ՋՋԷՌ-440 ռեակտորներով ԱԷԿ-ներին, կատարվեցին»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահին կից ստեղծվեց անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ, որի կազմում էին 8 երկրների 12 մասնագետ։ «Խորհրդի գլխավոր նպատակն այն էր, որ այդ մասնագետները ճիշտ գնահատեն անվտանգության մակարդակը և առաջարկություններ տան հայկական կողմին, այդ թվում նաև արտերկրների համապատասխան կազմակերպություններին ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի և հետագա անելիքների վերաբերյալ, որն իրականացվեց»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում
2016թ․ լրանում էր Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման 30 տարվա նախագծային ժամկետը։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկարացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Այս քայլին գնացել են աշխարհի մի շարք երկրներ։ Վահրամ Պետրոսյանը թվեց դրանցից մի քանիսին՝ Հունգարիա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, ԱՄՆ։ «Ամերիկայում 30 տարի նոր ատոմակայան չեն կառուցել, այլ իրենց ամբողջ ֆինանսական և մտավոր կարողությունները դրել են եղած բլոկների շահագործման ժամկետների երկարացման վրա և երկարացնում են», – ասաց Վահրամ Պետրոսյանը։
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար ՀԱԷԿ-ում կատարվեցին մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկի և 30 միլիոն դրամաշնորհի միջոցներով:
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման միջոցառումներից Վահրամ Պետրոսյանն առանձնացրեց հետևյալները․ Այստեղ ի՞նչ գլխավոր խնդիր մենք այդ պահին ունեինք: Առաջին կոնտուրում ունենք ДУ 32, ДУ 100, ДУ 200 և ДУ 500 մմ տրամագծով խողովակներ։ Ըստ նախագծի՝ կար մինչև ДУ 32 միլիմետրանոց խողովակից արտահոսքի կոմպենսացիա: Եվ այստեղ համար մեկ խնդիրը դրվեց՝ հասցնել այն վիճակի, որ ДУ 100-ի պատռվածքի դեպքում մենք կկարողանանք կոմպենսացնել այն։ 2-րդ ամենակարևոր խնդիրը ռեակտորի մետաղի ստուգումն էր։ Ընտրեցինք այն տարբերակը, որ գնանք մետաղի թրծման։ Այնպես չէ, որ ամբողջ ռեակտորի մետաղը թրծվեց։ 4-րդ կարի երկու կողմից՝ մոտավորապես մի 50-40 սմ վերև և ներքև, 475 աստիճան ջերմաստիճանի տակ թրծում կատարվեց Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների կողմից: Արդյունքում ունեցանք մետաղի վերականգնում և հիմնավորոււմ, որ ռեակտորի իրանը կարելի է շահագործել մինչև 2039թ.։ Ամբողջությամբ փոխվեցին երկրորդ կոնտուրի հիմնական սարքավորումները՝ շոգետուրբինը, գեներատորը, կոնդենսատորը և այլն»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա նշեց, որ իրականացված միջոցառումներից բացի անհրաժեշտ էր հիմնավորում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից արտոնագիր ստանալու համար: Դրա համար պետք էր ունենալ անվտանգության հիմնավորման հաշվետվություն։ «Այդ անվտանգության հիմնավորման հաշվետվությունը 20 էջ չէ, 1000 էջ չէ, 2000 էջ չէ։ Եթե բոլորը շարենք իրար գլխի, մոտավորապես 16 000 էջ՝ ներառյալ տարբեր տեսակի հաշվարկներով։ Եվ հաշվարկներով հիմնավորվեց, որ ատոմակայանի կյանքի տևողությունը կարելի է երկարացնել, և դրա հիման վրա ՀԱԷԿ-ը ստացավ արտոնագիր մինչև 2031թ.: Բայց դեռևս պահպանվում են անվտանգության որոշ դեֆիցիտներ։ Այդ դեֆիցիտները պետք է ժամանակի ընթացքում վերացվեն: Այսպես, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետը երկարացվեց 10 տարով մինչև 2026թ.։ Այս տարվա սեպտեմբերին 10 տարին կլրանա, և հիմա ընթանում են աշխատանքներ ևս 10 տարով մինչև 2036թ. երկարացնելու շահագործման ժամկետը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։
Անվտանգության հիմնավորման հաշվետվության վերանայված տարբերակը մինչև մարտի վերջ պետք է ներկայացվի կարգավորող մարմին։ 2026թ․ապրիլի 1-ից ՀԱԷԿ-ը կանգնում է 5 ամսով պլանային վերանորոգման։ «Այս 5 ամսվա ընթացքում պետք է կարողանալ բոլոր փոփոխությունները կատարել, և այդ փոփոխությունների մեջ կա մի շատ լուրջ աշխատանք՝ կապված ДУ 200 միլիմետրանոց խողովակի հետ։ Այսինքն՝ առաջին կոնտուրը վերազինել և արդիականացնել այնպես, որ դրա պատռվածքի դեպքում կարողանանք արտահոսքը կոմպենսացնել: Իսկ ինչ վերաբերում է ДУ 500 մմ խողովակաշարերի պատռվածքին, առայժմ այդ հարցը չենք քննարկում: Այսինքն՝ մենք գնում ենք նրան, որ մինչև 2036 թիվը երկարացնենք ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Մտածում ենք 2031թ-ին նորից մետաղի թրծում անել։ Արտոնագիրը տրված է մինչև 2031 թիվ։ Կարգավորող մարմնի կողմից ստանալ արտոնագիր մինչև 2041 թիվը։ Ինչ ասեմ, մոտ 49 տարի եմ աշխատել, շատ մասնագետների հետ եմ աշխատել և շատ ճանաչված գիտնականների հետ եմ առիթ ունեցել գործնական քննարկումներ անցկացնել։ Իմ բազային կրթությունը «Ատոմային էլեկտրակայաններ և տեխնոլոգիաներ» է։ Ես ասում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ 2036թ-ից հետո կարելի է ևս 5 տարի երկարացնել շահագործման ժամկետը, իսկ 2041թ-ից հետո՝ ոչ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։
Ինչ ռիսկեր կան ատոմակայանի հզորության իջեցնելու և բարձրացնելու դեպքում
Վահրամ Պետրոսյանը խոսեց նաև ՀԱԷԿ-ի հզորության իջեցնելու և բարձրացնելու ռիսկերի մասին։ Հզորության փոփոխման, պատճառը, ըստ մասնագետի, արևային էներգետիկայի զարգացումն է մեր երկրում։
«Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Գոյություն ունի այսպիսի մի տերմին՝ ռեակտորի «թունավորում» (отравление реактора)։ 10 %-ով, թե 20 % ես իջեցնում հզորությունը, դու ինչ-որ չափով թունավորում ես ռեակտորը: Կար միջուկային ռեակտորների կինետիկայի մի համաշխարհային դեմք, ով ասում էր, որ ատոմակայան շահագործող մասնագետը միշտ պետք է ուղեղում ունենա, որ անցողիկ ռեժիմներում կարող են ի հայտ գալ այնպիսի պահեր, որ ռեակտորը հայտնվի ոչ ռեգլամենտային իրավիճակում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Ինչ մոդելի ատոմային էներգաբլոկ է նախընտրելի կառուցել Հայաստանում
«Մենք, մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ։ Հիմա հարց կծագի, ո՞րը», – ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց տարբեր մոդելներ, որոնք դիտարկվում են։ Մոդուլային ատոմակայանների վերաբերյալ ասաց, որ փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանները գտնում են նախագծման, իսկ որոշները՝ լիցենզավորման փուլում։ Դեռ կառուցված նման կայան չկա։ «Կառուցվելուց հետո մի 2, 3 տարի շահագործվելուց հետո միշտ ծագում են խնդիրներ, որոնք լուծման կարիք են ունենում: Մեզ ավելի ցանկալի է, որ փորձն ունենալուց հետո նոր որոշում կայացնենք դրանց ընտրման և կառուցման վերաբերյալ»:
Նա նշեց, որ հետաքրքրական են նաև ջուր-ջերմատարով աշխատող 600-ՄՎՏ էներգաբլոկները, որոնք կառուցվելու են Ռուսաստանի Դաշնությունում: Դրանք 1000 մեգավատտանոց կորպուսի մեջ են հավաքվում, հուսալի են անվտանգության տեսակետից և կառավարման նոր մոտեցումներ են կիրառված: 600-ՄՎՏ հզորությունը համահունչ և ընդունելի է ՀՀ էլեկտրական ցանցերի համար: ՌԴ-ում պլանավորում են մինչև 2035թ. կառուցել այն «Կոլա» ԱԷԿ-ի հարակից տարածքում: Այս ուղղությամբ նույնպես պետք է մտածել:
Ապրիլ 14, 2026 at 11:14