ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի և կուբայական ղեկավարության ևս մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ, ներառյալ՝ երկրի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի որդի Ալեխանդրո Կաստրո Էսպինին։ Համապատասխան տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հայտնում է Associated Press-ը։

Նոր սահմանափակումները դարձել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական քայլը՝ Հավանայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կուբայի դեմ պատժամիջոցների ռեժիմի ընդլայնման մասին, որը լրացուցիչ միջոցներ է նախատեսում Կուբայի իշխանությունների, պետական կառույցների և դրանց հետ կապված կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Բացի Դիաս-Կանելից, պատժամիջոցները նաև անդրադարձել են նրա մերձավոր շրջապատի և Կուբայի նախկին ղեկավարության ընտանիքի մի շարք անդամների վրա։ Վաշինգտոնը շարունակում է կղզու իշխանություններին մեղադրել բռնաճնշումների, կոռուպցիայի և ԱՄՆ ազգային անվտանգության շահերին հակասող գործունեության մեջ։

Չնայած գործող պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հազվադեպ քայլ է, սակայն սա առաջին նման դեպքը չէ ամերիկյան պրակտիկայում։ Տարբեր տարիների ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա ընտանիքի անդամները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *