Իրանի և Իսրայելի միջև պատերազմով պայմանավորված շարունակվող տնտեսական հետևանքների ֆոնին, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալման Ալ Սաուդը հայտարարել է համաշխարհային էներգետիկ շուկայի «կայունացման» ուժեղացման անհրաժեշտության մասին՝ հետագա ֆինանսական կորուստները կանխելու համար, հայտնում է CNN-ը։
Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ արքայազն Աբդուլազիզ բին Սալման Ալ Սաուդն ընդգծել է էներգետիկ անվտանգության վճռորոշ դերը համաշխարհային տնտեսության համար։
Նրա խոսքով՝ «այն իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, հստակ ցույց է տալիս, որ աշխարհին անհրաժեշտ է էներգիայի յուրաքանչյուր մոլեկուլ և էներգետիկ հատվածի կայունացման ցանկացած ձև, որովհետև առանց էներգետիկ անվտանգության դուք կկորցնեք ռեսուրսների հասանելիությունը և զարգացման կայունությունը»։
Նա նշել է նաև, որ Սաուդյան Արաբիան շարունակում է հետևել իր ռազմավարական նպատակներին՝ ի հեճուկս արտաքին ցնցումների, և պարտավոր է կայունություն ապահովել իր քաղաքացիների համար։
«Մենք չէինք ակնկալում հայտնվել նման իրավիճակում, սակայն այն մեզ հնարավորություն տվեց ցուցադրելու տոկունություն, մեր հնարավորություններն ու իրավասությունները»,- հավելել է նախարարը։