
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում ակտիվացել են Արծվաշենի վերաբերյալ քննարկումները:
Վերջերս Գեղարքունիքում, հանդիպումներից մեկի ընթացքում, Փաշինյան Նիկոլը խոսեց Արծվաշենի մասին: Վերջինս ակնարկեց, որ խնդրի հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակման տարբերակի քննարկումը։ Փաշինյան Նիկոլի այդ ակնարկն Ադրբեջանում բուռն քննարկման առիթ հանդիսացավ:
Ադրբեջանցի քաղաքական գործիչները, փորձագետներն ու մեկնաբանները միակարծիք են. «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական երեք անկլավ (Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու|Բարխուդարլու, Քյարքի), որոնք պետք է վերադարձվեն»: Վերջիններս հարց են բարձրացնում` եթե ադրբեջանական անկլավներն աներկբա վերադարձվելու են, ապա ինչի՞ հետ է Փաշինյան Նիկոլը պատրաստվում փոխանակել Արծվաշենը: Ադրբեջանցիների մոտ նման մոտեցում է առաջացել, քանզի նրանք համոզված են, որ Արծվաշենն ապրիորի «ադրբեջանական հող է»:
Այսինքն, մի կողմից` Ադրբեջանի քաղաքական էլիտան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս մնացած երեք անկլավների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները միջազգային մակարդակով ճանաչված են, սակայն, մյուս կողմից` Արծվաշենի նկատմամբ Հայաստանի միջազգային նույնաբովանդակ իրավունքները նույն «էլիտան» չի ճանաչում: Ըստ այդմ, Ադրբեջանում պնդում են, որ Յուխարի Ասքիփարան, Սոֆուլու|Բարխուդարլուն և Քյարքին պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Արծվաշենի մասով` «Հայաստանը չունի իրավական ինքնիշխանություն այդ գյուղի նկատմամբ։ Խորհրդային շրջանում Ադրբեջանի որոշ տարածքներ ապօրինաբար փոխանցվել են Հայաստանին, և Արծվաշենը դրանցից մեկն է»։ Ավելին` Ադրբեջանում, բացի ՀՀ Սահմանադրության փոփոխումից, սկսել են պահանջել նաև «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն: Ըստ այդմ, պահանջվում է Արծվաշենը հանել Գեղարքունիքի մարզի գյուղերի ցանկից:
Իսկ «ամենահայանպաստ» դիրքորոշումը հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Հասաբղուլիև Հուդրաթը: Վերջինիս կարծիքով, եթե, այնուամենայնիվ, Արծվաշենի խնդիրը մտնի քաղաքական օրակարգ, ապա այն պետք է լուծվի բացառապես հանրաքվեով:
Տեսանյութում` Արծվաշենն է»: