«Հրապարակ». Ես կանգնած եմ այն ուժերի կողքին, ովքեր կարող են հեռացնել այս իշխանությանը

«Հրապարակի» զրուցակիցը բժիշկ Արփինե Սողոյանն է:

– Երեկ Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաք էր, ակնհայտ է, որ հանրության զգալի մասը փոփոխություններ է ցանկանում եւ միանշանակ ուզում է ազատվել օրվա իշխանությունից, Փաշինյանի վարած նվաստացուցիչ քաղաքականությունից: Իշխանական արբանյակներն ամեն գնով փորձում են նսեմացնել ընդդիմության հանրահավաքները եւ ներկայացնել, թե փոքրաթիվ մարդիկ են մասնակցել, մարդիկ չեն վստահում ընդդիմադիր ուժերին եւ այլն: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ եք մտածում այդ հանրահավաքի եւ իշխանության հնչեցրած գնահատականների մասին:

– Իշխանությունն ուրիշ ի՞նչ կարող է անել: Ես հենց նոր այդ մասին էի խոսում ինձ մտերիմ մեկի հետ. իշխանությունը մեկ ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում, ուրբաթ օրն արդեն քարոզարշավի վերջին օրն է, այս մեկ ամսվա ընթացքում իշխանությունն այդպես էլ ոչ մի ծրագիր չներկայացրեց, ոչ մի ծրագրի մասին այդպես էլ չլսեցինք, սպառնալիքներից, ահաբեկելու խոստումներից, սրան-նրան կզացնելու պատրաստակամությունից բացի իշխանությունը ոչինչ չխոստացավ, փոխարենը՝ այսքան աղետներ բերելուց հետո, պարտությունից ու Արցախը հանձնելուց հետո զարմանք հայտնեցին, թե ինչու չենք զոհվել պատերազմում, ինչու ենք ողջ մնացել եւ դեռ մի բան էլ քննադատում ենք իրենց: Այս իշխանությունից ոչ մի լավ բան պետք չէ սպասել, նրանք գիտակցում են, որ տապալվում են, ու դրանից ցնցումների մեջ է ընկել Նիկոլ Փաշինյանը:

– Գուցե դրական խոստումներ չեն տալիս, բայց փոխարենը ուրիշ խոստումներ են տալիս, օրինակ, այսպես կոչված, անկլավները խոստանում են հանձնել Ադրբեջանին: Դա էլ է խոստում:

– Այո, հայկականության դեմ ցանկացած ծրագիր իրենք կատարելու են, եթե ընտրվեն: Վստահ եմ, որ չեն ընտրվելու, այլ տարբերակ չկա: Նրանց նպատակն «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն իրականացնելն է: Ես րոպե անգամ չեմ կասկածում, որ դա էլ կանեն, ու թեպետ հիստերիայի մեջ են ընկնում, երբ խոսվում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, սակայն որպես հակադարձում չեն ասում, թե ինչ հստակ քայլեր կձեռնարկեն, եթե Ալիեւը նման խնդիր դնի, իսկ Ալիեւն արդեն իսկ հստակ ասել է, որ Հայաստանում պետք է ադրբեջանցիներ ապրեն, եւ, ի պատասխան այդ ամենին, ինչպե՞ս է հակադարձում իշխանությունը կամ առհասարակ հակադարձո՞ւմ է, թե՝ ոչ: Միայն հիստերիկի նման բղավում են, որ ընդդիմությունն ադրբեջանցիների խոսքերն է կրկնում, ու վերջ, դրանից բացի ոչինչ չեն ասում: Այդ լռությունը շատ լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ գուցե Ալիեւի այդ ծրագիրն էլ կիրագործեն, եթե մնացյալ բոլոր ծրագրերն իրագործել են, ի՞նչ կա որ՝ դա էլ կարող են իրագործել, իրենցից հեռու չէ: Եթե Արցախն այդքան հեշտ ուրացան, 300 հազար ադրբեջանցին ի՞նչ է, որ չբերեն: Դա էլ կանեն:

– Բայց, ի՞նչ եք կարծում` իշխանությունը կվերարտադրվի՞:

– Իշխանությունը չի վերարտադրվելու, ես չեմ տեսնում երկրորդ տարբերակ: Նրանք պետք է տապալվեն, արդեն տապալված են: Ես կանգնած եմ այն ուժերի կողքին, ովքեր կարող են հեռացնել այսօրվա իշխանությանը, թեպետ հույսեր եմ կապում երկրորդ նախագահի հետ, նա ունի փորձ, մեկ անգամ արդեն երկիրը ճգնաժամային վիճակից հանել է ոտքի, թեպետ այն ժամանակ այս աստիճան ճգնաժամի մեջ չի եղել Հայաստանը: Վստահ եմ, որ նրա մոտ նորից կստացվի….

– Չե՞ք հանդիպել այլեւս Նիկոլ Փաշինյանին, Ձեր նախորդ հանդիպումը մեծ աղմուկ առաջացրեց: Եթե նորից հանդիպեք, կրկին կասե՞ք նրան Ձեր սրտի խոսքը:

– Իհարկե կասեմ, ես այդքան նմա՞ն եմ վախեցողի: Չեմ հանդիպել այլեւս, բայց եթե առիթ լինի, նորից կասեմ, թե ինչ եմ մտածում: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես մասնակցել եմ ընդդիմադիր բոլոր շարժումներին ու իմ կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին երբեք չեմ թաքցրել ու չեմ թաքցնելու: Այս անգամ ուղղակի ամեն բան ստացվեց շատ ավելի էմոցիոնալ ու բուռն: Ես ոչ մի պատեհ առիթ բաց չեմ թողնելու….

– Փաշինյանը խոստանում է հարուստներին ունեզրկել, օրինակ` Գագիկ Ծառուկյանին, նրա առանձնատունը դարձնել ծերերի կենտրոն:

– Իսկ իր կառավարման տարիներին քանի՞ ծերերի կենտրոն է սարքել, ինչո՞վ էր զբաղված ութ տարի շարունակ: Հայտնի միջադեպի ժամանակ, երբ նա մատները մտցնում էր իմ աչքերի մեջ եւ սպառնում էր, ես այդ հարցը տվեցի, ասացի` ութ տարի շարունակ ի՞նչ էիք անում, ինչո՞վ էիք զբաղված, այ ողորմելիներ, ի՞նչ սարքեցիք էս երկրի համար` քանդելուց, հանձնելուց ու ավերելուց բացի: Իմ նպատակն այն է, որ մեր երկիրը լինի ամուր ու ապահով, հավատացեք, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ:

– Իսկ աշխատավայրում ամեն բան կարգի՞ն է: Էլ չե՞ն սպառնում Ձեզ:

– Նորմալ է: Թեպետ քաղաքապետն ասել է, որ չի անտեսելու իմ արարքը, սակայն այս պահին դեռ չեն հեռացնելու, տեսնենք, թե հետո ինչ են ուզում անել, չգիտեմ ոչինչ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *