Ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան․ Gallup-ը հրապարակեց ընտրական պատկերը

«Gallup International Association»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նաև քաղաքական ուժերի վարկանիշներին վերաբերող հարցման արդյունքները։

«Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ հարցվածների 32.4 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 16.4 տոկոսով, իսկ երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 15.2 տոկոսով։

Հարցման արդյունքներով հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8.8 տոկոս, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 6.2 տոկոս ցուցանիշով։

Նավասարդյանի խոսքով՝ ըստ արձանագրված արդյունքների, այս քաղաքական ուժերն արդեն իսկ ունեն խորհրդարան անցնելու բավարար աջակցություն։

Միաժամանակ, «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3.2 տոկոսը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 3.1 տոկոսը։ Ըստ ներկայացված գնահատականի՝ այս երկու ուժերը ևս ունեն խորհրդարան անցնելու ներուժ։

Մյուս քաղաքական ուժերի ցուցանիշներն են՝ «Նոր ուժ․ Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ 2.1 տոկոս, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 2 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 1.5 տոկոս, Հայ ազգային կոնգրես՝ 0.3 տոկոս, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն՝ 0.2 տոկոս։

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք» կուսակցությունը, ինչպես նաև Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը ստացել են 0.1-ական տոկոս աջակցություն։

Հարցվածների 4.2 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 2.1 տոկոսը դժվարացել է նշել իր նախընտրած քաղաքական ուժը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *