«Gallup International Association»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերաբերող հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Նրա խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է հունիսի 2-3-ը հեռախոսային հարցումների միջոցով։
Հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի, իսկ ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս։ Հարցման արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 91.7 տոկոսը տեղյակ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։ 3.8 տոկոսը սխալ պատասխան է տվել, իսկ 4.5 տոկոսը նշել է, որ չգիտի ընտրությունների օրը։
Հարցին, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար, թե կեղծիքներով, 29.2 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ արդար», 25.4 տոկոսը՝ «ավելի շուտ արդար»։ Միաժամանակ 17.7 տոկոսը կարծում է, որ ընտրությունները «ավելի շուտ կանցնեն կեղծիքներով», իսկ 16 տոկոսը՝ «միանշանակ կեղծիքներով»։ Հարցվածների 11.8 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցման մասնակիցների 38.9 տոկոսը նշել է, որ ընտրությունների անարդար անցնելու դեպքում միանշանակ պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի, իսկ 10.4 տոկոսը պատասխանել է՝ «ավելի շուտ այո»։ 35.7 տոկոսը նշել է «միանշանակ ոչ», 9.7 տոկոսը՝ «ավելի շուտ ոչ», իսկ 5.7 տոկոսը չի կողմնորոշվել։ Ներկայացված տվյալների համաձայն՝ նախընտրական քարոզարշավների տեսանելիությունը բոլոր հիմնական քաղաքական ուժերի դեպքում աճել է։
Միաժամանակ հարցվածների կեսը՝ մոտ 50 տոկոսը, նշել է, որ չի ծանոթացել որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին։ Ծրագրերին ծանոթ լինելու ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում՝ 36.9 տոկոս։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրին ծանոթ է 24.6 տոկոսը, «Հայաստան» դաշինքի ծրագրին՝ 16.1 տոկոսը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրին՝ 13.7 տոկոսը։ Հարցվածների 10.2 տոկոսը նշել է, որ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած հանդիպումների, 3.1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 2.5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, իսկ 2.2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցառումներին։ Միաժամանակ 81 տոկոսը նշել է, որ անձամբ չի մասնակցել որևէ քաղաքական ուժի կազմակերպած հանդիպման։ Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության հարցում ևս արձանագրվել է աճ նախորդ հարցման հետ համեմատած։ Հարցվածների 65 տոկոսը հայտարարել է, որ միանշանակ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, իսկ ևս 11.3 տոկոսը պատասխանել է՝ «ավելի շուտ այո»։