Այս ընտրությունների գլխավոր հարցն է՝ մենք պաշտպանո՞ւմ ենք, թե՞ դավաճանում մեր պատմությանը, ինքնությանը, արժեքային համակարգին։ Այս ընտրությունները նրա մասին են, թե մենք պահպանո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե՞ դառնում ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը․ այսօր «Հայաստան» դաշինքի ամփոփիչ քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենից կեղտոտ, այլանդակ ընտրություններն էին, և դրա հեղինակն այսօրվա իշխանություններն են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենք թունավորել են այս ընտրարշավն իրենց թույնով, կեղտոտ բերաններով, կեղտոտ բառապաշարով։
«Մենք Հայաստանը պետք է մաքուր պահենք։ Ոչ մի ընտրության ժամանակ չեն եղել այս քանակի ձերբակալություններ, ճնշումներ, ծեծ։ Այս ամենի հեղինակն այս իշխանությունն է, որն այս վարքով կասկածի տակ է դնում ընտրության արդյունքի լեգիտիմությունը»,-ասաց ՀՀ 2-րդ նախագահը։
Քոչարյանը զարմանք հայտնեց՝ իշխող ուժը չի խոսում ձեռքբերումների մասին։
«Երբ իշխանությունը խաղում է կրակի հետ, վառվում է ժողովուրդը, վատ հետևանքների գինը վճարում է ժողովուրդը»,-ասաց նա։