«Նախատեսվում է, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի»․ Ոսկան Սարգսյան

«Նախատեսվում է, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի»․ Ոսկան Սարգսյան

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «5 տարի է, ինչ Դիլիջանի հանքային ջրերի գործարանը պարապուրդի է մատնված։
     2021թվականից Դիլիջանի հանքային ջրերի գործարանը չի աշխատում, այդտեղ տասնյակ աշխատատեղեր են փակվել, գործարանի բազմաթիվ աշխատողներին, բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ գործարանի արտադրանքը խորհրդային տարիներին և Հայաստանի անկախության շրջանում մեծ պահանջարկ ուներ: Գործարանի արտադրանքը միջազգային մի շարք մրցույթներում արժանացել է ոսկե մեդալների, որոնց պատկերները առկա էին գործարանի արտադրանքի պիտակի վրա։ Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը սրտացավ է, որ քաղաքի հանքային ջրերի գործարանն աշխատի։ Նա համարում է, որ այդ խնդիրն ունի հանրային նշանակություն, քանզի այն վերաբերում է Դիլիջան քաղաքի պատմական բրենդին, բնական կարևոր ռեսուրսի պահպանմանն ու օգտագործմանը։ Ա․ Մարտիրոսյանն այդ խնդրի կապակցությամբ գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, շրջակա միջավայրի , տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, Դիլիջան համայնքի ղեկավարին։ Նա խնդրել է իրեն տեղեկատվություն տրամադրել այդ ջրային ակունքի իրավական կարգավիճակի վերաբերյալ, պարզաբանել, թե ով է պատասխանատու դրա շահագործման կամ չշահագործման համար, քննարկել գործարանի գործունեությունը վերականգնելու հնարավորությունը կամ ապահովելու ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործումը՝ հանրային շահից ելնելով։ Սակայն նրա հարցադրումներին որոշակի պատասխաններ չեն տրվել։ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պատկանելիության պատմությունը նրբերանգներ ունի։ Դիլիջանի բնակիչ Ժորա Սարգարյանը և իր երևանաբնակ դուստր Լիանա Ստեփանյանը նախկինում հանքային ջրերի գործարանում միասին ունեցել են 51 տոկոս բաժնեմաս, մնացածը պատկանել է ՀՀԿ կուսակցությունից նախկինում ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, հետո ընկերության սեփականության մեծ բաժինն անցել է Աշոտ Աղաբաբյանին։ Մոտ երկու տարի առաջ Դիլիջանի հանքային ջրերի գործարանն ամերիկյան մի ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ԱՄՆ արտադրանք է առաքել, արտադրանքի մի խմբաքանակ ամերիկյան ընկերությունը հրաժարվել է ընդունել, նշելով, որ դրանց պիտակները փչացած են, հանքային ջրերի գործարանը դրա հետևանքով հայտնվել է ֆինանսական վատ վիճակում, գործարանը ճանաչվել է սնանկ, գործարանի նոր սեփականատեր է դարձել «Գոլդեն սփրութ» ընկերությունը: Որպես Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պարտապաններ էին հայտարարված Երևան քաղաքի բնակիչ Լիանա Ժորայի Ստեփանյանը, Դիլիջանի բնակիչ Ժորա Աշոտի Սագարյանը և Երևանի բնակիչ Արամ Աշոտի Աղաբաբյանը։ Որպես գործարանի պարտատերեր են նշված «Ալլետս քամփնի» ՍՊԸ-ն, «Ալկաստոն» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, Դիլիջանի բնակիչներ էլիանորա Ջանվելյանը, Վլադիմիր Դանիելյանը, Երևանի բնակիչ Ռաֆայել Համբարձումյանը։ Զանգահարեցի «Գոլդեն սփրութ» ընկերության տնօրեն Տիգրան Սաքանյանին։ Նա հայտնեց, որ դեռևս 2025թվականի վերջին հանքային ջրերի վաճառվել է, ինքն այլևս չի աշխատում որպես գործարանի տնօրեն։ Նա ասաց, որ գործարանը հին սեփականատիրոջն է վաճառվել։ Զանգահարեցի ժորա Սագարյանին, հարցրի, թե ինչու գործարանը ինչո՞ւ չի վերագործարկվում։ Ժ․ Սագարյանն ասաց,որ դրա համար ֆինանսական որոշ խնդիրներ կան, ինքը չի զբաղվում գործարանով, դրանով իր զավակներն են զբաղվում։ Զանգահարեցի Արամ Աղաբաբյանին, որը հայտնեց, որ ֆինանսական խնդիրները լուծել են, իրենք դժվարություններ են հաղթահարել գործարանը վերադարձնելու համար, աշխատանքներ են կատարվում այն վերագործարկելու համար։ Նախատեսում են, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի։ Կաշխատի՞, արդյոք, ցույց կտա ժամանակը»;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *