Հնդկաստանում «ուտիճների կուսակցության» հարյուրավոր կողմնակիցները դուրս են եկել առաջին զանգվածային բողոքի ցույցին

Շաբաթ օրը Նյու Դելիի կենտրոնում այսպես կոչված «Ուտիճների կուսակցության» հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են շարժման առաջին մասշտաբային ակցիային։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում այս նախաձեռնությունը համացանցային կատակից վերածվել է Հնդկաստանում երիտասարդների դժգոհության տեսանելի խորհրդանիշի, հայտնում է «Associated Press» գործակալությունը։

«Ջանտար-Մանտար» հրապարակում անցկացված հանրահավաքը շարժման համար առաջին լուրջ փորձությունն է եղել սոցիալական ցանցերից դուրս։ Կազմակերպիչները փորձել են պարզել, թե արդյո՞ք առցանց տիրույթի հսկայական լսարանն ունակ է վերածվել իրական քաղաքական ուժի։

Ակցիային մասնակցել են հիմնականում երիտասարդներ, որոնց ձեռքերին եղել են պաստառներ և ուտիճների դիմակներ։ Որոշ մասնակիցներ էլ իրենց հետ բերել եմ ազգային դրոշներ ու գրքեր՝ որպես կրթության իրավունքի և հավասար հնարավորությունների խորհրդանիշ։

Շարժումն առաջացել է Հնդկաստանի Գերագույն դատարանի նախագահ Սուրյա Կանտի սկանդալային հայտարարությունից հետո, ով դատական նիստերից մեկի ժամանակ քննադատներին և գործազուրկ երիտասարդության մի մասին համեմատել էր ուտիճների հետ։

Այս խոսքերը դժգոհության մեծ ալիք են բարձևացևել, իսկ Բոստոնի համալսարանի ուսանող, քաղաքական հաղորդակցության մասնագետ Աբհիջիտ Դիպկեն այդ վիրավորանքը վերածել է սատիրիկ քաղաքական արշավի հիմքի։

Նրա ստեղծած «Ուտիճների կուսակցությունը» կայծակնային արագությամբ հանրաճանաչություն է ձեռք բերել համացանցում։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում շարժման էջերը միլիոնավոր բաժանորդներ են հավաքել, իսկ ուտիճը դարձել է տոկունության և բողոքի խորհրդանիշ։

Շարժման կողմնակիցները հրապարակում են մեմեր, տեսանյութեր և երգիծական մեկնաբանություններ՝ նվիրված գործազրկությանը, կոռուպցիային, կրթական ճգնաժամին և ավանդական քաղաքականությունից հիասթափությանը։

Շաբաթ օրվա ակցիայի անմիջական առիթը եղել է կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականի պահանջը՝ քննությունների անցկացման ժամանակ թույլ տրված խախտումների և սկանդալի ֆոնին։

Այնուամենայնիվ, բողոքի ակցիան արագորեն դուրս է եկել մեկ խնդրի շրջանակից և վերածվել հնդիկ երիտասարդների ավելի լայն դժգոհության արտահայտման (կապված սահմանափակ կարիերայի հնարավորությունների և տնտեսական դժվարությունների հետ)։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են. «Ուտիճները գալիս են, Դհարմենդրա Պրադհանը՝ հեռանում», և իշխանություններին կոչ են արել ուշադրություն դարձնել երիտասարդության խնդիրներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *