
Առաջիկա ընտրություններին ընդառաջ փորձենք հասկանալ, թե ընտրական պրոցեսներն ինչպես են արտացոլվել հայկական կինոյում։ Առաջին Հանրապետության շրջանում կինոն ապրում էր իր արշալույսը։ ՀՀ-ն չուներ բավարար ռեսուրսներ եւ ժամանակ՝ սեփական կինոարդյունաբերություն ձեւավորելու. Պատերազմ, ցեղասպանություն, որբերի խնդիր, տնտեսական ճգնաժամ, գոյապայքար ․․․ այս ամենը ո՛չ հնարավորություն, ո՛չ ժամանակ չէին տալու, որ նման բաներով զբաղվեին։ Ուստի գեղարվեստական կինոմեկնաբանություններ՝ կապված առաջին հանրապետությունում ընտրությունների կամ քաղաքական պրոցեսների, գործող կուսակցությունների հետ, չկան։
Պահպանվել են որոշ կինոխրոնիկաներ` վավերագրական, առանձին պետական միջոցառումների, ռազմական իրադարձությունների, հանրային կյանքում տեղ գտած զարգացումների մասին։ Առաջին հանրապետությունն, այդ առումով, հայկական կինոյում ներկայացված չէ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո արդեն ԽՍՀՄ միասնական գաղափարախոսության շրջանակում էր ներկայացվում ամեն ինչ, ներառյալ՝ քաղաքական կյանքն ու ընտրությունները։ Միակուսակցական քաղաքական մոդելի պայմաններում ընտրությունները սիմվոլիկ էին, հետեւաբար՝ մինչեւ ԽՍՀՄ ավարտը կինոնկարներում ներկայացվում էին բանվորական ժողովները, Սովետներում թեկնածուների առաջադրումները եւ այլն։ Քաղաքականությունը սովետահայ կինոյում ավելի շատ ֆոնային էր։ Միայն ուշ սովետական ֆիլմերում կարելի է որոշ բան տեսնել բյուրոկրատիայի, քաղաքական կյանքի ֆորմալիստական բնույթի եւ իշխանությունների՝ հասարակությունից օտարվածության մասին։ «Պերեստրոյկայի» շրջանում առաջին քաղաքական քննադատությունները հնչեցին` նաեւ ֆիլմերում։ Արցախյան շարժումը ստիպեց, որ հայ ռեժիսորները սկսեն պատկերել «ռեալպոլիտիկը»։