Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:
Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,- գրել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ժամը 02.00-ին հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն»։
Նշենք, որ այս պահի դրությամբ «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է մոտ 2.3 տոկոս ձայն և չի հաղթահարում ԱԺ–ում հայտնվելու շեմը (4 տոկոս)։