Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում


Սպորտ


79-ամյա Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում և կշարունակի ղեկավարել «արքայական» ակումբը մինչև 2030 թվականը։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել իր միակ մրցակցի՝ իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեի նկատմամբ։

Ըստ նախնական տվյալների՝ Պերեսը ստացել է ձայների շուրջ 65,95%-ը, մինչդեռ Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 34,05%-ը։ Գործող նախագահը բացարձակ առավելության է հասել բոլոր 60 ընտրատեղամասերում։ Սա Պերեսի ութերորդ անընդմեջ ժամկետն է այս պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2009 թվականից:

Պերեսի վերընտրվելու գլխավոր ինտրիգներից մեկը նոր գլխավոր մարզչի հարցն է։ Ինչպես և սպասվում էր, նախագահն իր ելույթում հաստատել է Ժոզե Մոուրինյուի վերադարձը։ Պորտուգալացի «Հատուկը» կգլխավորի մադրիդցիներին 13 տարվա դադարից հետո։ Բացի այդ, դեռևս նախընտրական փուլում Պերեսն արդեն իսկ հայտարարել էր «Լիվերպուլից» պաշտպան Իբրահիմա Կոնատեի և Միլանի «Ինտերից» Դենզել Դումֆրիսի տրանսֆերների մասին։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Սա երջանիկ և մեծ օր է ինձ ու բոլոր մադրիդիստների համար։ Մենք հաղթեցինք բոլոր ընտրատեղամասերում և բոլոր տարիքային խմբերում՝ գրանցելով ակումբի պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքը։ Մենք ընտանիք ենք և կշարունակենք միասին տիտղոսներ նվաճել։ Պայքարը 16-րդ Չեմպիոնների լիգայի գավաթի համար սկսվում է հենց այսօր։ Մենք շարունակելու ենք հպարտանալ մեր «Բեռնաբեուով», աշխարհի լավագույն թիմերից մեկով և աշխարհի լավագույն մարզիչներից մեկով՝ Ժոզե Մոուրինյուով»։

Պերեսը նաև նշել է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել, սակայն փոստով ուղարկված շուրջ 1000 քվե անվավեր է ճանաչվել, ինչը նրանք պատրաստվում են բողոքարկել։

Պարտված թեկնածու Էնրիկե Ռիկելմեն շնորհավորել է Պերեսին, սակայն ընդգծել է, որ իրենց պայքարը նոր է սկսվում.

«Սա մեզ համար վերջը չէ, սա միայն սկիզբն է։ Ակումբի անդամներն այլևս 20 տարի առանց ընտրության իրավունքի չեն մնա։ Մենք կարողացանք կանխել ակումբի վաճառքը»,- հայտարարել է Ռիկելմեն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ 8 միավորով զիջելով չեմպիոն «Բարսելոնային» և մրցաշրջանն ավարտելով առանց նվաճած տիտղոսների։ Ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները հույս ունեն, որ նոր ընտրաշրջանն ու մարզչական փոփոխությունները կվերադարձնեն թիմին հաղթական ուղի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *