ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ առաջիկա միջանկյալ ընտրությունները ավանդաբար բարդ փորձություն են իշխանության մեջ գտնվող կուսակցության համար և կարող են անբարենպաստ լինել հանրապետականների համար։
Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պատմականորեն իշխող կուսակցությունները հաճախ կորցնում են դիրքերը միջանկյալ ընտրություններում, նույնիսկ եթե երկրում իրավիճակը մնում է կայուն։
Միևնույն ժամանակ, Վենսը վստահություն է հայտնել, որ հանրապետականներն ունեն ընտրողների աջակցությունը պահպանելու շանսեր՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առանցքային նախընտրական խոստումների կատարման շնորհիվ։ Նա նաև քննադատել է դեմոկրատներին՝ հայտարարելով, որ նրանք չեն կարողացել առաջադրել թեկնածուներ, որոնք ի վիճակի կլինեին նվաճել ամերիկացիների վստահությունը։
Բացի այդ, փոխնախագահը շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ձգտել Իրանի հետ համաձայնության հասնելուն, ներառյալ նրա միջուկային ծրագրի շուրջ հարցերի կարգավորումը՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից։
Վենսի խոսքով՝ հնարավոր գործարքի հաջողության գլխավոր չափանիշներից մեկը կլինի ոչ թե դրա բովանդակությունը թղթի վրա, այլ Թեհրանի կողմից ստանձնած պարտավորությունների փաստացի կատարումը։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիները պետք է վերընտրեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի մեկ երրորդը։ Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են հանրապետականների կողմից։