Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

«Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր և նաև ինչ-որ տեղ հենց շոկային ազդեցություն ունեցավ։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58-րդ թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր և փողոցներ, որոնք խայտառակ տեսարան են»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկի առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Մենք պիտի գտնենք ձևերը, որ, եթե անհրաժեշտ է, նույնիսկ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, այնտեղ արագ գործողություններ իրականացնենք»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ նախկինում արդեն հայտնել էր Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Ես ասել եմ, որ կարծում եմ՝ Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»,- ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում կառավարությունը նախատեսում է ավելացնել աշխատանքների ծավալները Գյումրիում և Երևանում։

«Այսօրվանից սկսած՝ տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհաշինության շրջանակում տարեկան 25 կիլոմետր պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր՝ Երևանում»,- հայտարարել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *