Ո՞վ է Եվրոպայում ամենաշատն աշխատում և որո՞նք են ամենաերկար և ամենակարճ աշխատանքային շաբաթն ունեցող երկրները

Եվրոպական որոշ երկրներում մարդիկ շաբաթական գրեթե ութ ժամով ավելի են աշխատում, քան մյուսներում․ գրում է Euronews-ը։

Եվրոստատի նոր ուսումնասիրությունները բացահայտում են Եվրոպայում աշխատանքային ժամերի կտրուկ տարբերությունները։ ԵՄ վիճակագրական վարչության վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպայում մարդիկ աշխատում են միջինում շաբաթական 35.9 ժամ։ Տվյալները ներառում են թե՛ լրիվ դրույքով, թե՛ կես դրույքով աշխատող 20-64 տարեկան մարդկանց աշխատաժամերը։

ԵՄ տարածքում շաբաթական աշխատանքային ժամերը տատանվում են՝ Նիդերլանդներում 31.9 ժամից մինչև Հունաստանում 39.6 ժամ։ Եթե հաշվի առնենք նաև ԵՄ թեկնածու երկրների ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրների տվյալները, ցուցանիշն էլ ավելի կբարձրանա․ Թուրքիայում շաբաթական աշխատաժամանակը 42.4 ժամ է, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 40.9 ժամ, իսկ Սերբիայում՝ 40.6 ժամ։

Ցանկում հաջորդը Հունաստանն է (39.6 ժամ), Հյուսիսային Մակեդոնիան (39.5 ժամ) և Բուլղարիան (38.7 ժամ)։ Այսպիսով՝ Բալկանյան երկրներում գրանցվել են ամենաերկար աշխատանքային ժամերը։

Նիդերլանդներն առանձնանում է որպես Եվրոպայի ամենակարճ աշխատանքային շաբաթ ունեցող երկիրը․ այստեղ կես դրույքով աշխատողները կազմում են ընդհանուր զբաղվածության գրեթե 43%-ը։ Նշվում է, որ այս մեծ մասշտաբներով կես դրույքով աշխատանքի մոդելին անցումն օգնել է նվազեցնել երկրում միջին աշխատանքային շաբաթի տևողությունը, սակայն ամբողջական դրույքով աշխատողների աշխատանքային շաբաթը դեռևս մոտ է 40 ժամին:

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներում աշխատանքային շաբաթն ավելի կարճ է, քան Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում։

Նշվում է, որ այս տարբերությունների հիմնական պատճառներն են տարբեր երկրներում աշխատաժամանակի կարգավորման համակարգերը, զբաղվածության կառուցվածքը և ավելի լայն տնտեսական գործոնները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *