
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների:
Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։
Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։
Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝
կաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,
սերուցքային պաղպաղակ – 8–11.5% կաթնայուղ,
պլոմբիր – առնվազն 12% կաթնայուղ,
թթվակաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,
կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ) – մինչև 12% կաթնայուղ։
Կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։
Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում:
1․ Ուշադրություն դարձրեք ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։
2․ Սառցե բյուրեղների առկայությունը ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։
3․ Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։ Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։
Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին. թույլ մի տվեք ձեզ վաճառեն ժամկետանց պաղպաղակ»: