«Նիկոլ Փաշինյանը հանցագործ կլանին, ում որակում է «փախած գեներալներ», տասնյակ միլիարդներ է փոխանցել». Արթուր Օսիպյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը հանցագործ կլանին, ում որակում է «փախած գեներալներ», տասնյակ միլիարդներ է փոխանցել». Արթուր Օսիպյան

Նուբարաշենի ՔԿՀ-ից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ներկայացրեց` ինչու հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. «Որովհետև էն հարցերը, որ ես ներկայացրել եմ ու էդ փաստերը, դրանք անխոցելի են»:

Նա մանրամասներ ներկայացրեց մայիսի 18-ի միջադեպի ժամանակ առաջ քաշած հարցերի մասին. «Առաջին հարցս վարչապետին այն էր, որ ասում եք` Արցախի հարցը նախօրոք կանխորոշված էր, որ պետք ա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվեր, էդ բանակցային փաստաթղթերը Դուք հրապարակել եք Կառավարության էջում, խնդրում եմ ինձ ցույց տվեք էդ տողը, որտեղ որ նման բան ա գրված։ Ես, ընդհակառակը, կարող եմ ցույց տալ էն տողը, որտեղ որ գրված ա, որ հարցը պետք ա լուծվի հանրաքվեի միջոցով, որի վրա սահմանափակում չկա, ընդհուպ մինչև բարձրագույն սուվերենության աստիճան, այսինքն, անկախություն։ Որևիցե սահմանափակում չկա։ Ասում ա՝ դու լավ չես ընթերցել։ Դե լավ, թող իր ասածը լինի, լավ չեմ ընթերցել։

Երկրորդը կոռուպցիայի մասին, որ ինքը համագործակցել ա կոռուպցիայի հետ, մենք ունենք փաստեր։ Դրանք զրույցներ չեն, կոնկրետ փաստաթղթեր են, ընդ որում՝ էդ փաստաթղթերը 2023 թվականի հոկտեմբերից, եթե չեմ սխալվում, ներկայացված է քննչական մարմին, հարուցված է քրեական գործ։ Ընդ որում, ես ներկայացել եմ էդ քննչական մարմին ու ասել՝ խնդրում եմ ինձ տաք տվյալներ, որը որ օրենքի սահմաններում ա, ու նախօրոք զգուշացրել եմ, որ ես սա հրապարակելու եմ, հրապարակային ներկայացնելու եմ։ Ինձ ասել են, որ կա 50 միլիարդի… Ես համոզված եմ ու բացի էդ 50 միլիարդից իմ մոտ էլ փաստաթղթեր կար, քանի միլիարդ էլի, հիմա չեմ, բայց էլի մեծ թիվ, ասացի՝ էս փաստաթղթերը մտնո՞ւմ ա ձեր էդ 50 միլիարդի մեջ, ասաց՝ չէ, մենք դա չունենք։ Ասի՝ շատ վատ ա, որ դուք չունեք, ես ունեմ։ Վերցրեք՝ էս էլ ձեզ, ցուցմունք եմ տվել ու ներկայացրել էդ փաստաթղթերը։ Բայց իրականում գործը գնում ա ավելի խոշոր գումարների մասին: Այդ հանցագործ կլանին, էդ ում որ ասում է «փախած գեներալներ», Նիկոլ Փաշինյանը միլիարդներ է փոխանցել: Դա` 2021 թվականին: Ինքն ասում ա` էդ փողը որ չփոխանցեինք, բա ո՞նց էիք թոշակներ բաժանելու: Թոշակներն ի՞նչ կապ ունեն, եթե այդ գումարները հիմնադրամի միջոցով կոնկրետ անձանց են փոխանցվել` Բակո Սահակյանին և այլն: Նիկոլ Փաշինյանը համագործակցել է կոռուպցիայի հետ:

Երրորդ հարց. կոռուպցիան էլ ա կարևոր, բայց կար ազգային անվտանգության հարց։ Այստեղից ա իրա վեճը սկսվել։ Ասացի՝ պարոն Փաշինյան, դուք ներկայացնում եք, որ ամենաուժեղ երաշխավորը լեգիտիմությունն է։ Ես այն եմ հասկանում, որ մեր քայլերը պետք է հիմնավորված լինեն միջազգային իրավունքով։ Ասաց՝ հա։ Ասացի՝ հիմա եթե Արցախի հարցը լրիվ օրակարգից հանում ենք, ուրեմն Ալիևը այսպիսի մի պահանջ է ներկայացնում։ Ասում է՝ հայելային սկզբունքով փախստականների վերադարձ։ Ալիևն ասում ա՝ մենք պատրաստ ենք, եթե որևիցե հայ դիմի կառավարությանը, համաձայն լինի, ընդունի Ադրբեջանի անձնագիրը և Ադրբեջանի քաղաքացիությունը, կարող է գալ, ապրել Ադրբեջանի տարածքում և մենք երաշխավորում ենք իր անվտանգությունը։ Եվ միջազգային օրենքի համաձայն մենք ակնկալում ենք, որ Հայաստանն էլ նույնը կանի։ Ադրբեջանցին, ով որ նախկինում էստեղ էր ապրում, եթե դիմի Հայաստանի Հանրապետությանն ու նման պայմաններ ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու անձնագիր, Հայաստանն էլ նույն ձև պետք ա ընդունի էդ մարդկանց։ Լավ իմանալով, որ ոչ մի հայ չի գնալու Ադրբեջան, բայց իրենք գալու են այստեղ։ Հիմա հարց ունեմ՝ սրա պատասխանը ո՞րն ա, մենք կարո՞ղ ա միջազգային դաշտում դուրս ենք գալու, ասենք՝ գիտեք ինչ ա, մենք դեմ ենք փախստականների վերադարձին։ Սա անօրեն խնդիր ա:

Հենց այստեղ սկսվեց բուն վեճը, Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ադրբեջանական թեզեր է առաջ տանում, ինչից ես վիրավորվեցի: Կարո՞ղ ա Արևմտյան Ադրբեջան թեզն էլ եմ ես առաջ քաշել: Մի մարդ, որը Սահմանադրություն ա փոխում ու Ալիևի հրահանգով հրաժարվում ա Հայաստանի Հանրապետության հռչակագրից, ինձ մեղադրում ա նրա մեջ, որ ես ադրբեջանական թեզեր եմ տարածում։ Էդտեղ ինքն արդեն համբերությունից դուրս եկավ, որովհետև խոսելու տեղ չուներ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *