Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել է ավելի քան 5 միլիոն տարվա հնության «կետերի գերեզմանոց»

Չինացի հետազոտողները Ավստրալիայի հարավ-արևմտյան ափերի մոտ հայտնաբերել են կետանմանների մնացորդների մասշտաբային խորջրյա կուտակում, որն անվանում են «կետերի դամբարանադաշտ»: Դրա մասին հայտնել են Չինաստանի գիտությունների ակադեմիայից։

Գիտնականների գնահատականներով՝ Հնդկական օվկիանոսի Դիամանտինա իջվածքի շրջանում կարող է գտնվել կետերի ավելի քան 10 միլիոն մնացորդ, որոնց մի մասը ընկած է մինչև 6 789 մետր խորություններում։ Ոսկրային մնացորդների կուտակումը զբաղեցնում է հսկայական տարածք՝ մոտավորապես 4,6-ից մինչև 7 կիլոմետր խորություններում։

Հետազոտությունն իրականացրել է օվկիանոսագետների խումբը՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի Խորջրյա գիտությունների և ճարտարագիտության ինստիտուտի պրոֆեսոր Պեն Սյաոտունի ղեկավարությամբ՝ օգտագործելով «Ֆենդոուչժե» խորջրյա ապարատը։ Տասնյակ սուզումների ընթացքում գիտնականները ֆիքսել են ոսկրային մնացորդների հարյուրավոր կուտակումներ և նմուշներ վերցրել վերլուծության համար։

Իզոտոպային թվագրման տվյալներով՝ գտածոների մի մասի տարիքը կարող է հասնել մոտ 5,3 միլիոն տարվա, ինչն այս հայտնագործությունը դարձնում է ծովային կաթնասունների մնացորդների հայտնի խոշորագույն բնական «արխիվային» համակարգերից մեկը։

Գիտնականները կարծում են, որ խզվածքի հատակի յուրահատուկ ձևը նպաստել է դիակների կուտակմանը, իսկ ինքը՝ վայրը, կարող է օգնել ավելի լավ հասկանալ կետանմանների էվոլյուցիան, կետերի դերն ածխածնի շրջապտույտում և խորջրյա էկոհամակարգերի գործառնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *