
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվե՞ց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ՔՊ-ին 70% ձայն էին խոստացել:
Մինչ ԿՀԸ-ն վերահաշվարկ է իրականացնում, փորձեցինք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից հասկանալ, թե Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում ինչ արդյունքներ են գրանցվել:
Այդ ընտրատեղամասերում ընտրելու իրավունք են ունեցել 54 հազար 187 ընտրող: Ըստ ԿՀԸ արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 41 ընտրատեղամասերից ստացել է՝ 15 հազար 209 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 8158, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, «Հայաստան» դաշինքը՝ 4009: Թե ինչ փոփոխություն կլինի վերահաշվարկից հետո, դժվար է ասել:
Այն, որ Սասուն Միքայելյանը բոլոր ընտրություններում իր կայուն 13-ից 15 հազար ձայնն ունի Հրազդանում, դա փաստ է, չնայած իր դիրքին ու իր քաղաքապետ որդու ներդրած մեծ ջանքերին, այս ընտրություններում Միքայելյանները չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել: Նաև պարզ չէ, թե Կոտայքում տեր ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ, արդյո՞ք ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդ 15 հազար ձայնը չէին ստանա Հրազդանից: