Մարդկանց թրաֆիքինգը ՀՀ-ում․ GRETA-ն նոր զեկույց է ներկայացրել

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կողմից 2022 թվականից ի վեր գրանցված առաջընթացը գնահատող նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ GRETA-ն, ողջունում է զոհերի նույնականացման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այնուամենայնիվ, զեկույցում ընդգծվում է, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման, նախաձեռնողական հետաքննությունների ապահովման, ինչպես նաև զոհերին իրավաբանական օգնություն և փոխհատուցում տրամադրելու ջանքերը:

2022-25 թվականներին որպես թրաֆիքինգի զոհ է նույնականացվել ընդհանուր առմամբ 90 անձ, այդ թվում՝ 22 երեխա: Աշխատանքային շահագործումը դարձել է նույնականացված զոհերի շրջանում շահագործման գերիշխող ձևը: Աճել է նաև օտարերկրյա զոհերի, այդ թվում՝ միգրանտ աշխատողների թիվը:

Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձնում մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ խոցելիության կանխարգելմանը և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործմանը։

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կազմակերպիչների կողմից շահագործվող ամենատարածված խոցելիության գործոններն են աղքատությունը, վատ բնակարանային պայմանները, գործազրկությունը, կրթության պակասը և մեկուսացումը։ Եզդի փոքրամասնության աղջիկներն ու կանայք հատկապես խոցելի են մանկական, վաղ և հարկադիր ամուսնության նկատմամբ։ Ավելին, այլընտրանքային խնամքից դուրս եկող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն և/կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք խոցելի են շահագործման տարբեր ձևերի համար թրաֆիքինգի նկատմամբ։ Վերջին տարիներին Հայաստանում միգրանտ աշխատողների թիվը զգալիորեն աճել է։ Աշխատանքի տեղավորման գործակալությունների կողմից չարաշահումները և ընկերությունների սահմանափակ վերահսկողությունը միգրանտ աշխատողներին հատկապես խոցելի են դարձնում իրենց գործատուների կամ հավաքագրողների կողմից թրաֆիքինգի և շահագործման նկատմամբ։

Զեկույցը շեշտում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսավորումը և մարդկային ռեսուրսները մեծացնելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ դեր խաղալ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործում։

Զեկույցում ընդգծվում է, որ հետաքննությունների թվի աճին հակառակ, մարդկանց թրաֆիքինգի համար դատավճիռները քիչ են եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *