
Սահմանամերձ Ոսկեպար գյուղի 37/25 տեղամասում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ՔՊ կուսակցությունը ստացել է 220, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 89, «Հայաստան» դաշինքը՝ 53 քվե, մյուս կուսակցությունները՝ ավելի քիչ թվով քվե։ Ոսկեպարում քվեարկել է մոտ 70 սահմանապահ զինծառայող, որոնք, ամենայն հավանականությամբ, իրենց քվեն տվել են ՔՊ կուսակցությանը։
Ոսկեպարի շատ բնակիչներ հավատում են Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությանը, նաեւ հավատում են, որ իրենց գյուղին կից, ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար գյուղի տարածքն առաջիկայում` սահմանազատման արդյունքում, Ադրբեջանին չի հանձնվելու։ Ոսկեպարի բնակիչներից մեկը Վերին Ոսկեպար գյուղի տարածքում անասնագոմ է սարքել, այնտեղ մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն է պահում։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համակիր այդ տղամարդը վստահ է, որ Վերին Ոսկեպարի տարածքը սահմանազատումով Ադրբեջանին չի հանձնվելու, որովհետեւ Ադրբեջանն այդ տարածքի քարտեզը չունի։ Ադրբեջանի կողմից այդ անկլավի քարտեզը չունենալու միտքը տարածված է ՔՊ-ականների եւ նրանց համակիրների շրջանում։
Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները Վերին Ոսկեպարի քարտեզը չունենալ, եթե ԽՍՀՄ ժամանակ այդտեղ վարչականորեն Ղազախի շրջանին պատկանող գյուղ է եղել, դպրոց, ամռան ամիսներին համամիութենական պիոներական ճամբար է գործել, որտեղ մանուկ հասակում հանգստացել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրա՝ որպես լրագրողի առաջին հոդվածներից մեկն այդ ճամբարի մասին է եղել, որտեղ Փաշինյանն ադրբեջանցիների մասին դրական է արտահայտվել։ Այնպես որ, անգամ եթե ադրբեջանցիները չպահանջեն, ինքն անպայման հանձնելու է այդ տարածքը, հույս չունենաք: Ի դեպ, Տավուշում արդեն չեն էլ հիշում, որ Կիրանցի սահմանազատման ժամանակ ասվում էր, թե Հայաստանն էլ մեծ տարածքներ պետք է ստանա, որոնք այդպես էլ չհանձնվեցին: