«Հրապարակ». Պատերազմ կլինի, թե խաղաղություն` ո՛չ Ադրբեջանն է որոշում, ո՛չ Հայաստանը

Հունիսի 8-ին Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարները, որի արդյունքում ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը: Հանդիպման օրակարգում է եղել եւ հայտարարության մեջ տեղ է գտել այն, որ առանձնահատուկ կարեւորություն են տալիս «Միջին միջանցքին» եւ վերահաստատում են իրենց անվերապահ աջակցությունը միմյանց սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը՝ հատուկ շեշտելով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը: Փորձագետները կարծում են, որ սա Հայաստանի դեմ ուղղված քայլ է, Հայաստանի շահերին առնչվող հանդիպում ու պայմանավորվածություն, որին չի մասնակցում Հայաստանը: Այսպես կոչված` Հայաստանի հարցերը մեր հարեւան երկրները քննարկում են, առանց ՀՀ ներկայացուցչի մասնակցության, եւ սա մեր պետության ինքնիշխանության իրական վիճակի մասին ամենախոսուն փաստն է:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ստորագրված փաստաթղթին, որտեղ խոսք է գնում ՀՀ տարածքով անցնող ճանապարհի մասին, սակայն Հայաստանը ներկա չէ, նշեց, որ եթե Հայաստանի մասնակցությունն այնտեղ պաշտոնապես չկա, ուրեմն ընդունված որեւէ որոշում բացարձակապես անիմաստ է եւ որեւէ ուժ չի կարող ունենալ: «Այլ հարց է, որ իրենք համարում են, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրով արդեն Հայաստանն այդ տարածքի վրա լիարժեք ինքնիշխանություն չունի: Իրենք համարում են, որ այդտեղ երրորդ կողմերի ներգրավումը, որն ապահովելու է ԹՐԻՓՓ-ի զարգացման կազմակերպությունը, որի 74 տոկոսն ամերիկյան է, իրենց հիմքեր է տալիս այդ թեման քննարկել առանց Հայաստանի մասնակցության: Այսինքն, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները գործնականում զիջել են սուվերենիտետը Սյունիքի այդ հատվածի նկատմամբ: Պարզապես հետո ասելու են՝ դե, մենք Ադրբեջանին չենք հանձնել, Միացյալ Նահանգներին ենք հանձնել»,- ասաց Բաղդասարյանը: Այս իշխանությունները ժամանակին ասում էին, որ Արցախն Ադրբեջանին չենք հանձնել՝ ռուս խաղաղապահներին ենք հանձնել, ու նրանք էլ պատասխանատու են։ ԹՐԻՓՓ-ի դեպքում էլ նույն սցենարը կգործի` նույնը կասեն ԹՐԻՓՓ-ի մասին, կասեն՝ մենք ԱՄՆ-ին ենք հանձնել, երրորդ կողմին, մենք Ադրբեջանին չենք հանձնել:

«Ահա, այս իրողությունը հաշվի առնելով է, որ այդ հարցը քննարկում են առանց Հայաստանի մասնակցության: Բայց ես կարծում եմ, որ շտապում են, որովհետեւ, ամեն դեպքում, որեւէ փաստաթուղթ իրավական ուժ ունենալ չի կարող, եթե դրան չի մասնակցում այն երկիրը, որի ինքնիշխան տարածքի մասին է խոսքը»,- ասաց Բաղդասարյանը: Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-Իրան պատերազմը, ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում: Մեր զրուցակիցն ասաց, որ քանի դեռ հակամարտությունն այս կամ այն կերպ չի կարգավորվել, քանի դեռ հստակություն չկա Իրան-ԱՄՆ կոնֆլիկտում, հստակություն չի կարող լինել մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, եւ մենք չենք կարող հանգիստ լինել: «Եվ ոչ միայն մենք, միշտ նույնպիսի սպառնալիքներ, վտանգներ կարող են կախված լինել նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի գլխին, այլ հարց է, որ Հայաստանն այս իրավիճակում պիտի հնարավորինս զգույշ եւ խոհեմ վարվի, որովհետեւ ամենաթույլ եւ խոցելի օղակն է, որովհետեւ ցանկացած ցնցում, այսպես թե այնպես, ազդելու է Հայաստանի վրա առաջին հերթին: Դա կարող է լինել տնտեսական ազդեցություն, դա կարող է լինել նաեւ անվտանգային, ռազմական ազդեցություն, բայց խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է: Քանի դեռ այնտեղ հստակություն չկա, անիմաստ է ակնկալելը, թե մեր տարածաշրջանում ստեղծված այս փխրուն հավասարակշռությունը կարելի է խաղաղություն անվանել: Այդ խաղաղությունը ո՛չ Երեւանում է որոշվում, ո՛չ Բաքվում, այստեղ կլինի խաղաղություն, թե պատերազմ, ցավոք սրտի, դրսի մի քանի կենտրոններում է որոշվում»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *