Խնդրեցի դեղերով օգնեք, Նիկոլ Փաշինյանին կընտրեմ. քաղցկեղով հիվանդ աղջկա մայրը՝ ՔՊ քարոզարշավի մասին

Աղջիկս հաշմանդամ է, ունի 4–րդ կարգի քաղցկեղ, որը տարածված է գլխում և թոքերում, 21 օրը մի անգամ անում ենք քիմիա, չունենք հնարավորություն, որ դրա գումարները մուծենք։ Քիմիան գումարով է։ Կան էժան դեղեր, որ ձրի են, իսկ թանկ դեղերը կան, որ փողով են, իսկ մենք հնարավորություն չունենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Երևանի 9–րդ զանգվածում դստեր հետ ապրող Հայկանուշ Հարությունյանը։

«Նիկոլ Փաշինյանը եկավ 9–րդ մասիվ, ես ուզում էի մոտենալ իրեն, չթողեցին։ Ես պատգամավորներին տվեցի իմ հեռախոսի համարը, և գրեցի, որ ունեմ հիվանդ աղջիկ, խնդրում եմ ինձի օգնեք դեղերով։ Իրենք ասին, որ մենք այդ դեղերով անպայման ձեզ կօգնենք։ Ես ասացի՝ դուք ինձ դեղերով օգնեք, ես Նիկոլ Փաշինյանին կընտրեմ, բայց Նիկոլ Փաշինյանին ընտրելուց հետո առայսօր սպասում եմ դեղերին, պատասխան չկա։

Ես դիմում եմ գրել, որը մնացել է սեղանի վրա, ինձ չեն զանգել, ոչ մի պատասխան չունեմ։ Խնդրում եմ՝ անպայման հետաքրքրվեք այդ դեղերով ու ինձ ասեք, քանի որ աղջիկս շատ ծանր վիճակում է, չի քայլում, մենք էլ օգնող չունենք։ Մի մոռացեք մեզ, եթե կարող եք, ով ինչքան կարող է, թող օգնի մեզ»,–ասաց նա։

Կինը ցույց տվեց, թե որ դեղերն են իրենք գնում՝ հավելելով, որ միայն մի տեսակի դեղին տալիս են 150 հազար դրամ;

Իր հերթին դուստրը՝ Մարիամ Հարությունյանն ասաց. «Խնդրում եմ, ով ինչքանով կարա օգնի, օգնեք մեզ։ Ես ապրել եմ ուզում, ես ջահել եմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *