ԵԿԲ-ն Իրանի հետ պատերազմի պատճառով 3 տարում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճի ճնշմամբ պայմանավորված

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հինգշաբթի գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները, քանի որ Իրանի հետ պատերազմով պայմանավորված էներգակիրների գների կտրուկ աճը արագացնում է գնաճը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտում բազային տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 2,25%-ի՝ դառնալով առաջին խոշոր կենտրոնական բանկը, որը փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր մեծացրել է փոխառությունների արժեքը։

Կարգավորողի հայտարարության մեջ ասվում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լրացուցիչ գնաճային ճնշում է ստեղծում։

«Մերձավոր Արևելքում պատերազմը գնաճային ռիսկեր է առաջացնում։ Հեռանկարները մնում են անորոշ. պահպանվում են գնաճի արագացման և տնտեսական աճի դանդաղեցման ռիսկերը»,- նշել են Եվրոպական կենտրոնական բանկում։

Եվրոգոտու 21 երկրներում գնաճը անցյալ ամիս կազմել է 3,2%՝ էներգակիրների գների աճի ֆոնին ապրիլի 3%-ից ավելանալով։ ԵԿԲ-ի, ինչպես և աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի մեծ մասի համար գնաճի թիրախային մակարդակը կազմում է մոտ 2%:

Եվրոպական տնտեսությունը դեռևս մեծապես կախված է ներմուծվող հանածո վառելիքից։ Պատերազմի պատճառով էներգակիրների գնման համար եվրոպական երկրների ծախսերն աճել են միլիարդավոր դոլարներով։ Էներգիայի թանկացման արագ տեմպերը սպառնում են ձախողել տարածաշրջանի տնտեսության սկսված վերականգնումը, որը միայն վերջերս էր ուշքի եկել 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժմամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամից։

Համեմատության համար նշենք, որ եվրոգոտում գնաճի գագաթնակետը եղել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ այն հասել էր 10,6%-ի։ Այն ժամանակ Եվրոպական կենտրոնական բանկը գների աճը զսպելու համար տոկոսադրույքների բարձրացման լայնածավալ արշավ էր իրականացնում, և 2023 թվականի սեպտեմբերին հիմնական դրույքաչափը հասել էր ռեկորդային 4%-ի։

Արժույթի միջազգային հիմնադրամը ապրիլին վատթարացրել էր եվրոգոտու 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 1,1%-ի՝ հունվարյան կանխատեսման համեմատ գնահատականը նվազեցնելով 0,2 տոկոսային կետով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *