Էրդողանն ու Նեթանյահուն միմյանց մեղադրել են ցեղասպանություն իրականացնելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «Հիտլերի ուղիով գնալու» մեջ այն բանից հետո, երբ իսրայելական առաջնորդը նրան անվանել է «հակասեմական բռնապետ»՝ հայտարարելով նաև, որ նա իրականացնում է «քրդերի ցեղասպանություն», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո։ Կողմերը պարբերաբար փոխանակվում են ցեղասպանության մեղադրանքներով և հրապարակային վիրավորանքներով։

Հայտարարությունների հերթական փոխանակումն սկսվել է այն բանից հետո, երբ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Լիբանանում և Սիրիայում Իսրայելի գործողությունները սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։

Նա նշել է, որ Թուրքիայի անվտանգությունը «չի սկսվում Հաթայում», այլ «սկսվում է Հալեպում, Դամասկոսում և Բեյրութում»՝ հավելելով, որ Անկարան թույլ չի տա «նոր իրականության ստեղծում տեղերում» հարևան երկրներում, ինչը դիտարկվել է որպես նախազգուշացում Իսրայելի հասցեին։

Ի պատասխան՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Իրանի և նրա դաշնակիցներից բխող սպառնալիքների դեմ։ Նա միաժամանակ Էրդողանին անվանել է «հակասեմական բռնապետ», մեղադրել նրան «քրդերի ցեղասպանության», ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցելու և քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու մեջ։

Էրդողանն ի պատասխան հայտարարել է, որ «նրանք, ովքեր գնում են Հիտլերի ուղիով, պետք է հիշեն, որ իրենց ճակատագիրը նույնն է լինելու, ինչ պատմության մյուս բռնակալներինը»։ Նա նաև մեղադրել է Իսրայելին «արյունով ու արցունքներով սնվող տառապանքների ֆաբրիկայի վերածվելու» մեջ և խոստացել է հասնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *