
Այս տարվա աննախադեպ ջրառատ գարնան հետևանքով բարձրացել է Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը, ինչի արդյունքում ջրամբարի ափին գտնվող վաղմիջնադարյան Պողոս-Պետրոս եկեղեցին կրկին կիսով չափ հայտնվել է ջրի տակ։
Կիսավեր ու խարխուլ եկեղեցին մոտ երկու մետրով ծածկվել է ջրով և այդ վիճակում կմնա մինչև ջրամբարի մակարդակի նվազումը։ Նման իրավիճակում եկեղեցին հայտնվում է դեռևս խորհրդային տարիներից։ Տեղացիների վկայությամբ՝ տասնամյակներ առաջ այն երբեմն ամբողջությամբ էր անցնում ջրի տակ։
Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը վերակառուցել է այն՝ դարձնելով գմբեթավոր եկեղեցի՝ ներսից պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով։ Վերակառուցման ընթացքում երկայնական պատերին կցվել են հզոր գմբեթակիր որմնամույթեր։
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է համարվում։ Եկեղեցին վերանորոգվել է 1896 թվականին, երբ քարե տանիքը փոխարինվել է փայտե ծածկով։ Սակայն 20-րդ դարում քանդվել են եկեղեցու տանիքն ու հարավային պատը։
Այսօր պատմամշակութային այս արժեքավոր հուշարձանը շարունակում է տուժել ջրամբարի մակարդակի պարբերական բարձրացումներից՝ մնալով խոցելի բնական և ժամանակի ազդեցությունների նկատմամբ։