Ամստերդամ Սխիպհոլի օդանավակայանում գործարկվել է աշխարհում առաջին ամբողջությամբ էլեկտրական TaxiBot-ը՝ հատուկ քարշակ, որը ուղևորատար ինքնաթիռները տեղափոխում է նստեցման ելքից մինչև թռիչքուղի՝ առանց դրանց շարժիչները գործարկելու, գրում է Interesting Engineering-ը։
Նախագիծն իրականացվել է Airbus, easyJet, Menzies Aviation և Smart Airport Systems ընկերությունների հետ համատեղ։
Նոր էլեկտրական քարշակն օգտագործվում է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռների քարշակման համար։
Թռիչքուղի շարժվելու ընթացքում ինքնաթիռի շարժիչները մնում են անջատված, իսկ TaxiBot-ը կառավարվում է օդաչուի կողմից անմիջապես օդանավի խցիկից։ Շարժիչները գործարկվում են միայն թռիչքի համար գոտի դուրս գալուց անմիջապես առաջ։
Համակարգը կարող է զարգացնել մինչև 42 կիլոմետր ժամում (26 մղոն ժամում) արագություն։ Ամենանշանակալի ազդեցությունը գրանցվում է հեռավոր Պոլդերբան թռիչքուղում՝ Սխիպհոլ օդանավակայանի ամենահեռու և ամենաերկար գետնային տեղաշարժի ժամանակ ունեցող գոտում։ Հենց այնտեղ վառելիքի խնայողությունը կարող է հասնել 65 տոկոսի։
Ավիացիոն կերոսինի ծախսի կրճատումից բացի, տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել ածխաթթու գազի, ազոտի օքսիդների և գերմանր մասնիկների արտանետումները։ Նվազում է նաև պերոնի աղմուկի մակարդակը, և բարելավվում են օդանավակայանի աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Հետաքրքիր է, որ Սխիպհոլը 2022 թվականից արդեն օգտագործում է երկու հիբրիդային TaxiBot Boeing 737 ինքնաթիռների համար։ Նոր նախագիծը դարձել է համակարգի ամբողջությամբ էլեկտրական տարբերակի շահագործման առաջին դեպքը։ Առաջիկա ամիսներին օդանավակայանը նախատեսում է ստանալ ևս երեք նման քարշակ և ընդլայնել ծրագիրը այլ տեսակի ինքնաթիռների համար։
Փաստորեն խոսքը մի տեսակ «էլեկտրամեքենայի մասին է ինքնաթիռների համար»։ Թեև ինքն օդանավը շարունակում է թռչել ռեակտիվ վառելիքով, ամենաանարդյունավետ փուլը՝ օդանավակայանով երկարատև տեղաշարժը, արդեն իրականացվում է առանց ավիացիոն շարժիչների աշխատանքի։
Խոշոր օդանավակայանների համար, որտեղ ինքնաթիռները երբեմն տասնյակ րոպեներ են ծախսում գետնային տեղաշարժի վրա, սա կարող է տալ բավականին նկատելի բնապահպանական ազդեցություն։