
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նախօրեին մեկնարկեց տանտերերից մեկի՝ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) ազգային ընտրանիների միջև մրցավեճով, որը կայացավ Մեխիկոյի «Ացտեկա» հանրահայտ մարզադաշտում։
Բացման խաղում մեքսիկացիները 2-0 հաշվով հաղթեցին մրցակցին, իսկ այդ խաղում բրազիլացի մրցավար Ուիլթոն Սամպայոն երեք կարմիր քարտ ցույց տվեց։ Նախ, տանտերերին առաջ մղեց Խուլիան Կինյոնեսը՝ 9-րդ րոպեին դառնալով այս տարվա աշխարհի առաջնության առաջին գոլի հեղինակը։ 67-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Այդ ժամանակ ՀԱՀ-ն արդեն խաղում էր տասը խաղացողով. Յայա Սիտոլեն հեռացվեց խաղադաշտից 49-րդ րոպեին։ Հարավաֆրիկացիների համար իրավիճակն ավելի բարդացավ 84-րդ րոպեին, երբ Թեմբա Զվանեն նույնպես հեռացվեց խաղադաշտից՝ կոպիտ խաղի համար։ Արդեն ավելացված ժամանակում Մեքսիկան մնաց տասը խաղացողով, քանի որ Սեզար Մոնտեսը ստացավ կարմիր քարտ։ Առաջին խաղային օրվա՝ A խմբի երկրորդ խաղում Գվադալախարայում մրցեցին Կորեայի և Չեխիայի հավաքականները։
Ասիացիները հաղթեցին 2-1 հաշվով, չնայած առաջինը գոլ խփեցին եվրոպացիները. չեխ պաշտպան Լադիսլավ Կրեյչին գոլ խփեց 59-րդ րոպեին։ Կորեացի կիսապաշտպան Հվան Ին Բեմը հավասարեցրեց հաշիվը 67-րդ րոպեին, իսկ Օ Հեն Կյուն իր թիմին առաջ մղեց 80-րդ րոպեին։ Առաջին խաղային օրվանից հետո Մեքսիկան և Կորեան A խմբում ունեն 3-ական միավոր։ Հունիսի 18-ին Չեխիան կխաղա Հարավային Աֆրիկայի դեմ, իսկ հունիսի 19-ին՝ Մեքսիկան կմրցի Կորեայի հետ։